
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անհասցե է արձագանքել Արագած և Քուչակ գյուղերի կրթական հաստատությունների մանկավարժներին, աշխատակիցներին և աշակերտներին նախընտրական քարոզչությանը ներգրավելուն, խուսափելով նշել, որ դա արվել է հենց գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության կողմից:
ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն, նախընտրական քարոզարշավի ընթացքում ուսումնական գործընթացի խաթարման վերաբերյալ հրապարակված տեղեկությունների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված։ «Պաշտպանը վերահաստատում է, որ պետությունը, կրթական հաստատությունները և բոլոր իրավասու մարմինները պարտավոր են երաշխավորել այնպիսի միջավայր, որտեղ ուսումնական գործընթացը չի խաթարվի որևէ արտաքին միջամտությամբ, այդ թվում՝ քաղաքական գործընթացներով պայմանավորված գործողություններով։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կրթական հաստատությունների և իրավասու մարմինների կողմից այնպիսի գործելակերպի ապահովումը, որը կբացառի դասաժամերի ընթացքում ուսումնական գործընթացի ընդհատումը կամ խաթարումը։ Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկել ընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ իր մանդատի շրջանակում ապահովելով անաչառ, անկախ և ապաքաղաքական գործունեություն, - հավաստիացրել է ՄԻՊ-ը:
Իրավիճակի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև "Ականատես" դիտորդական առաքելությունը։ «2026 թվականի մայիսի 13-ին ՀՀ վարչապետի մասնակցությամբ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ապարան համայնքում «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել է հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և քարոզչությանը անչափահասների ներգրավման դեպքեր։ Առաքելության դիտորդները տեղում արձանագրել են, որ համայնքի և հարակից բնակավայրերի մի շարք դպրոցների տնօրենները և ուսուցիչները աշխատանքային ժամերին՝ դասերի ժամանակ կազմակերպված մասնակցել են միջոցառմանը։
Առավել մտահոգիչ է, որ ուսուցիչների և տնօրինության անմիջական հրահանգով աշակերտները դուրս են բերվել դասապրոցեսից՝ վարչապետին դիմավորելու և քարոզչական միջոցառմանը մասնակցություն ապահովելու նպատակով։ Երեխաներին բաժանվել են դրոշներ, ընդ որում, դպրոցականներին նախապես տրվել են պարտադրողական բնույթի ցուցումներ անգամ արտաքին տեսքի, հագուստի, ինչպես նաև սանրվածքի վերաբերյալ՝ հորդորելով լինել հյուսերով։
Դիտորդներն անձամբ ականատես են եղել, թե ինչպես են որոշ դպրոցների ղեկավարներ և մանկավարժներ հեռախոսազրույցների ընթացքում բարձրաձայն և խիստ տոնով հրահանգավորում՝ պահանջելով ապահովել երեխաների պարտադիր և կազմակերպված մասնակցությունը։
Ըստ հաստատված տվյալների՝ Ծաղկաշեն գյուղի դպրոցի աշակերտներին ոչ միայն ազատել են դասերից հանրահավաքին մասնակցելու համար, այլև երեխաներին է բաժանվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա քաղաքական քարոզչության հետ ասոցացվող խորհրդանիշներով շապիկներ։ Մի անձ ակտիվորեն համակարգել է մարդկանց տեղաշարժը, անձամբ դիմավորել է երեխաներին, նրանց բաժանել քարոզչական բնույթի դրոշներ և հստակ հրահանգներ տվել ներկաներին, թե ով որտեղ պետք է տեղակայվի միջոցառման ընթացքում։ «Ականատես»-ի տվյալներով հավաքի կազմակերպման աշխատանքներն իրականացրել է Էդգար անունով մի անձ։
Առաքելությունն արձանագրել է նաև մասնավոր հատվածի աշխատակիցների, մասնավորապես՝ «Գնթունիք» ընկերության անձնակազմի կազմակերպված ներկայությունը քաղաքական միջոցառմանը։
«Ականատեսն» արձանագրում է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներգրավումը նախընտրական գործընթացներին, ուսումնական պրոցեսի կասեցումը և անչափահասներին որպես քաղաքական ֆոն օգտագործելը հակասում են ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացվածության սկզբունքներին և ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին։ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, իսկ ՀՀ ընտրական օրենսգիրքն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Դպրոցի տնօրինության կողմից սեփական լիազորությունների և պաշտոնեական դիրքի նմանօրինակ չարաշահումը ենթակա է խիստ իրավական գնահատականի», - ասվում է հայտարարությունում։
Ինչպես հաղորդել է ԱրմԻնֆո-ն, ավելի վաղ վերացական հայտարարությամբ հանդես էր եկել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ): Նախարարությունում նշել են, որ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված հետևանքները լիազոր մարմնի հետ համատեղ կիրառելու նպատակով կնախաձեռնվի առանձին քննություն: ԿԳՄՍՆ-ում վստահեցրել են, որ ստացված բոլոր ահազանգերը կուղարկվեն նաև իրավապահ մարմիններին ՝ սահմանված կարգով ստուգում իրականացնելու համար: Ընդ որում, նախարարությունում խուսափել են հիշատակել, որ դա արվել է կառավարող ուժի կողմից։