


Արմինֆո. Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը։ Այդ մասին ասվում է Երեւանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։
«Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների՝ տնտեսական կապերն ընդլայնելու և Հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության ու բարեկեցության խթանելու հանձնառությունը։ Համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանի ու Թուրքիայի շարունակական ջանքերը՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների բարօրության, արժանի են գովեստի», - նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին մայիսի 13-ին հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռնարկվող վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում, որը շարունակվում է 2022 թվականից, 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել է մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստությունը։ Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները դեռևս շարունակվում են:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտնել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Կողմերը կարգավորման գործընթացում Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ են նշանակել Սերդար Քըլըչին եւ Ռուբեն Ռուբինյանին, որոնք արդեն բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել, սակայն ինչ-որ բեկումնային որոշումների հասնել դեռ չի հաջողվել՝ բացի ավիաբեռնափոխադրումներից եւ ուղեւորափոխադրումներից:



