
Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունը: Այդ մասին նախօրեին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա կարծիքով, դա չափազանց կարևոր նախաձեռնություն է:
ՙԱյդ թվում՝ այն պատճառով, որ այն նախաձեռնել է այնպիսի գերտերության նախագահը, ինչպես Ֆրանսիան է՚,- ասել է Շարմազանովը: Ըստ որում, նա հավաստիացրել է, որ հայկական կողմը կշարունակի ջանքեր գործադրել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման և դրա ժխտման քրեականացման ուղղությամբ: Նա անհրաժեշտ է համարում Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ պայքարը, քանի որ դա կկանխի նման դեպքերի կրկնությունը՚,- ընդգծել է նա: Ավելի վաղ Օլանդը նշել էր, որ երկրի Սենատում քննարկումներ են սկսվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ, և ինքն իր հերթին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան Պոլ Կոստային հանձնարարել է նույնպես մասնակցել դրանց: Օլանդն ավելացրել է, որ Կոստան՝ որպես ֆրանսիացի բարձրակարգ իրավաբան, կկարողանա սեղմ ժամկետներում այդ հարցի առնչությամբ ֆրանսիական օրենսդրությունում այնպիսի ձևակերպումներ գտնել, որոնք թույլ կտան ապահովել դրանց համապատասխանությունը հանրապետության օրենսդրությանը: Նա նաև ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ 2012 թ. Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն այնուհետ հակասահմանադրական ճանաչվեց՝ հավաստիացնելով, որ Կոստան իր կողմից ամեն բան կանի, որպեսզի նոր օրինագիծը նույն ճակատագրին չարժանանա:
Հիշեցնենք, որ 2015 թ. դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել Վալերի Բուայեի և այլ պատգամավորների համահեղինակած՝ 20-րդ դարի ցեղասպանություններն ու մարդկության դեմ հանցագործությունները ժխտողների համար քրեական պատիժ նախատեսող օրենքի նախագիծը: Քվեարկությանը մասնակցած 39 պատգամավորներից 26-ը կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ, իսկ 1-ը՝ ձեռնպահ:
Հիշեցնենք, որ 2012 թ. փետրվարի 29-ի Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ավելի վաղ երկի Սենատի կողմից ճանաչված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Խորհուրդը հիմնավորել է դա այն բանով, որ օրինագիծը հակասում է
ՙՖրանսիայի Սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը՚: