
Արմինֆո.Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնում մեկնարկել է «Սպիտակի երկրաշարժ. ժողովուրդներին միավորած ողբերգությունը» խորագրով համաժողովը
Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնում իր աշխատանքներն է սկսել «Սպիտակի երկրաշարժ. ժողովուրդներին միավորած ողբերգությունը» խորագրով համաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի և Հայաստանի փրկարարական ծառայությունների ներկայացուցիչները:
Ինչպես հայտնում է «Մոսկվայի տուն» կենտրոնի մամուլի ծառայությունը, ողջունելով ներկաներին՝ Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Տկաչն ընդգծել է նման համաժողովների կարևորությունը գործարար ու հումանիտար կապերի ամրապնդման, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի պրոֆիլային կառույցների միջև կայուն երկխոսության ձևավորման գործում:
«Խորհրդանշական է, որ այս հանդիպումն անցկացվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձի տոնակատարության օրերին, որը մեր ժողովուրդներին միավորում է ընդհանուր հիշողությամբ և հարգանքով մեր հայրերի ու պապերի սխրանքի հանդեպ: Դժվար է գերագնահատել այսօրվա միջոցառման նշանակությունը. սա կարևոր հարթակ է մեր երկրների փրկարարական ծառայությունների ներկայացուցիչների փորձի փոխանակման համար, որոնք այս ոլորտում փոխգործակցության հարուստ պատմություն ունեն: Դրա վառ օրինակն է ռուս մասնագետների մասնակցությունը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը, և մենք ուրախ ենք, որ այսօր մեր հանդիպման մասնակիցների թվում ներկա են այդ տխուր իրադարձությունների անմիջական մասնակիցներ Ավետիկ Ասլանյանն ու Յուրի Ռասկազովը: Կարծում եմ՝ նրանք նույնպես պատմելու և կիսվելու շատ բան կունենան», - ասել է Իգոր Տկաչը:
Իր հերթին, ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովն ընթերցել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ողջույնի խոսքը համաժողովի մասնակիցներին, որում նշված էր, որ մեր երկրների փրկարարական ծառայությունների փոխգործակցությունը հին պատմություն ունի, և դրա շնորհիվ, մասնավորապես, Սպիտակի երկրաշարժի ողբերգական օրերին հաջողվել է բազմաթիվ կյանքեր փրկել, ինչը դարձավ մեր ժողովուրդների իսկական եղբայրության դրսևորումը:
«Այսօր Ռուսաստանի և Հայաստանի փրկարարական ծառայությունների համագործակցությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ: Մեր երկրների փրկարարներն արդեն ավելի քան տասը տարի հաջողությամբ համագործակցում են Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագրի շրջանակներում, որը հարթակ է դարձել փորձի փոխանակման, համատեղ վարժանքների և արտակարգ իրավիճակներում օպերատիվ օգնության համար: Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը լրացուցիչ թափ կհաղորդի երկկողմ մասնագիտական կապերին և հերթական քայլը կդառնա մեր պետությունների քաղաքացիների անվտանգության մակարդակի բարձրացման գործում», - ասված էր ուղերձում:
Որպես հյուրընկալող կողմ՝ ներկաներին ողջունել է Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Հայկ Մելիքյանը՝ մաղթելով նրանց հաջող և արդյունավետ աշխատանք:
Իրենց հերթին հայկական կողմի ներկայացուցիչները հաստատել են նման համաժողովների կազմակերպման կարևորությունը։ «Այսպիսի հանդիպումները իրական օգուտ են բերում մասնագետների միջև շփման, փորձի փոխանակման և հետագա փոխգործակցության վեկտորների հստակեցման առումով»,- ասել է Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։
Համաժողովի աշխատանքներին մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը, Մոսկվայի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և հրդեհային անվտանգության հարցերով դեպարտամենտի Հարավարևելյան վարչական շրջանի վարչության պետ Գերման Դոբրյակովը, Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի տնօրեն Արմեն Օհանյանը, ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան, ռուսական «Էրեբունի» ավիաբազայի ներկայացուցիչներ և այլք։
Համաժողովի ընթացքում մասնակիցները պատմել են իրենց աշխատանքի մասին, կիսվել մշակումներով ու կուտակված փորձով և քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։
Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի, Մոսկվայի հայրենակիցների տան և Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնի կողմից կազմակերպված ֆորումի շրջանակներում մասնակիցները կայցելեն Գյումրի և Սպիտակ, որտեղ տեղի կունենան Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին ծաղիկների խոնարհման արարողություններ։