
Արմինֆո."Հայաստան" դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանն արձագանքել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի վերաբերյալ հայտարարություններին եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքի հասցեին հարձակումներին: Արձագանքելով Սյունիքում Փաշինյանի արած հայտարարություններին, թե՝ "Ղարաբաղյան շարժումը ամենամեծ սխալն էր", Վարդանյանը Հայաստանի վարչապետին հարցրել է, թե ինչ է նա արել Արցախի համար:
«Դու Արցախում մի գնդակ կրակե՞լ էիր, մի կաթիլ քրտինք թափե՞լ էիր, մի լումա դրե՞լ էիր, Արցախի տեղը գիտե՞իր, որ հայտարարեցիր Արցախը Հայաստան է և վերջ, խափանեցիր քսանհինգ տարվա բանակցային պրոցեսը, զրո կետից բանակցելու մասին հայտարարեցիր, որից հետո պատերազմն անխուսափելի էր», - գրել է Վարդանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Այնուհետև նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հենց վարչապետի օրոք է Հայաստանում ստեղծվել դատական համակարգ, որին լայն հանրությունը չի վստահում: Քանի որ, ինչպես պարզաբանել է պատգամավորը, այս համակարգը արդարադատությանը ծառայելու փոխարեն մարդկանց խոշտանգումների է ենթարկում և կոտրում նրանց կյանքը։
Պատգամավորը մեկնաբանել է նաև Շենգավիթում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը "մտադիր է Բելառուսից վերադարձնել և պատասխանատվության ենթարկել Գագիկ Ծառուկյանի որդուն"։ «Ես գործի մանրամասներին, բնականաբար, չեմ տիրատեպում, սակայն դատելով հրապարակումներից եղել է կենցաղային միջադեպ, ինչպիսին տասնյակներով հանդիպում է մեր առօրյայում։ Պե՞տք է քննության առարկա դառնա միջադեպը՝ իհարկե։ Բայց ի՞նչ օբյեկտիվ քննության մասին կարող է խոսք լինել մի համակարգում, որտեղ մեղավորներ նշանակում ես միայն դու։ Եվ քեզ համար նշանակություն չունի նույնիսկ այն, որ կոնկրետ մարդ հայտարարում է, որ միջադեպի մեղավորն ինքն է։ Միևնույն է, դու մեղավորներ արդեն կարգել ես․ որովհետև դա քեզ ձեռք է տալիս, որովհետև այդպես ես ուզում։ Կալանք, բանտ, դատ․․․ Հիշիր ութ տարվա ընթացքում քանի-քանիսին ես այդպես մի հայտարարությամբ կարգել մեղավոր և սահմանել դատավճիռը։ Դա է պատճառը, որ հայ մարդը չի վստահում քո կողմից ստրկացրած դատաիրավական համակարգին։ Քո հրահանգով են կալանավորվում Սրբազաններ, քո հրահանգով են կեղծվում ձայնագրություններ՝ քո հրահանգով հարուցված քրեական գործերը հիմնավորելու համար, ահաբեկչության պատրանք ստեղծելու նպատակով, քո հրահանգով են մարդիկ կալանավորվում «մեր ձևով կպայքարենք» արտահայտության համար, քո հրահանգով են հավաքներից հարյուրավոր մարդիկ բերման ենթարկվում, ձերբակալվում, կալանավորվում, դու ես, որ ասում ես ինձ միայն մեղադրական դատավճիռներ են պետք։ Դու ես քննիչը, դատախազն ու դատավորը։ Հեռու չգնանք՝ դու էդ տղայի հորը մեղավոր էիր կարգել, քո քննիչները գործ էին հորինել, քո դատախազը ժամերով ճառ էր ասում ու մեղադրում, քո խմբակցությունը տասնյակներով կեղտոտ ելույթներ էր ունենում, անձեռնմխելիությունից զրկեցիք, կալանավորեցիք, հետո՝ 6 տարի դատն էր, ու 6 տարի հետո նույնիսկ քո դատարանը ստիպված արդարացրեց նրան, ջուր էր, գործ չկար։ Բա էսքանից հետո ո՞նց հավատան արդար քննությանը», - գրել է պատգամավորը։ Նա համոզմունք է հայտնել, որ Փաշինյանը տեսնում է, որ կարող է պարտվել առաջիկա ընտրություններում։ «Քո աչքով տեսնում ես, դրա համար Լուկաշենկո, Պուտին, Մակրոն, ամեն ինչ խառնում ես իրար․ իսկ ընտրությունը պարզ է՝ Հայաստա՞ն, թե՞ Արևմտյան Ադրբեջան, Սևա՞ն, թե՞ գյոյչա, ու դու ես հասցրել այդ ընտրությանը», - ամփոփել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին ։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ: Նախընտրական շրջանը տևում է մայիսի 8-ից հունիսի 5-ը ։ Նախընտրական քարոզչությունն արգելվում է քվեարկության նախորդ օրը ՝ հունիսի 6-ին, և քվեարկության օրը մինչև ժամը 20:00-ն: