


ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» զեկույցի հիման վրա բանաձևի մերժումը դիվանագիտական հաղթանակ է: Այդ մասին նախօրեին նա հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո:
ՙԵրկու բանաձևերն էլ Հայաստանի օգտին չէին, բայց հիմնական վտանգ էր ներկայացնում Ուոլթերի զեկույցը, քանի որ այն հանդիսանում էր Բաքվի փորձը՝ քննարկել ղարաբաղյան հարցը այլ զուգահեռ հարթակներում, ինչն անթույլատրելի է: Այդ բանաձևի մերժումը շատ կարևոր էր և հանդիսանում է մեր դիվանագիտության ձեռքբերումը՚,- հայտարարել է նա:
Ըստ որում, ԱԺ փոխնախագահը չի համաձայնել կարծիքին, որ այդ զեկույցները որևէ գին չունեն, քանի որ, նրա կարծիքով, ԵԽԽՎ-ն լուրջ կառույց է: ՙՍակայն, այդ զեկույցները պարտադիր ուժ չեն կարող ունենալ: Մենք պետք է աշխատենք համախմբված և հասկանանք, որ կան պատվիրակություններ, որոնք, անկախ փաստաթղթերի բովանդակությունից, մշտապես քվեարկում են Հայաստանի դեմ՚,- նշել է նա: Ըստ որում, նա ավելացրել է, որ հայկական կողմը պետք է նախաձեռնող լինի:
Հունվարի 26-ի նիստում ուղղումներով հավանություն տալով Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցին` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» զեկույցը:


