
Արմինֆո. Հակակոռուպցիոն կոմիտե բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ և գրասենյակի աշխատակիցներ, իսկ պաշտպանների մասնակցությունը խոչընդոտվում է: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Այդ առնչությամբ, ինչպես տեղեկացրել է փաստաբանը, իրենք դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, սակայն, ինչպես միշտ, պատշաճ պատասխան չեն ստացել: "Դիմել ենք ՄԻՊ ու ինչպես միշտ՝ հիմա կմիջամտենք, հիմա կկապնվեն, վերջում՝ անձինք մասնավոր պաշտպան չեն ցանկանում, հանրային պաշտպան են ուզել .... Հիմա հարց, որ տրամաբանության, քրեադատավարական, որ սկզբունքի, պետության ռեսուրսի անհիմն վատնման, որ ձևաչափի մեջ է այս ամենը տեղավորվում",- հռետորական հարց է հնչեցրել Մարտիրոսյանը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, իր հերթին, մանրամասներ են ներկայացրել քրեական վարույթի հարուցման, խուզարկությունների անցկացման և ձերբակալությունների պատճառների մասին: "ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշառք։
Բացի այդ, նույն անձը ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Երևան քաղաքի բնակչին վիրահատության համար անհատույց տվել է գումար։
Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ", - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ սա արդեն առաջին դեպքը չէ, երբ կուսակցության կողմնակիցներին ձերբակալում են ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքով: Կուսակցությունում, արձագանքելով նախորդ ձերբակալություններին, հայտարարել են, որ այդպիսով իրականացվում է հերթական միջամտության փորձը՝ կուսակցության անդամներին ահաբեկելու և նրանց գործունեությունը խոչընդոտելու միջոցով քաղաքական ուժի համար անհավասար պայմաններ ստեղծելու նպատակով: -0-