


Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան այցելած ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմին, որը ժամանել է Հայաստան մեկնարկելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, ընկերությունը ներկայացրել է փոխվարչապետին իրենց կողմից մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման շուրջ իրականացվող աշխատանքների հիմնական ուղղվածությունը և ակնկալվող արդյունքները:
Փոխվարչապետը, շեշտելով ԹՐԻՓՓ նախաձեռնության նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման տեսանկյունից, կարևորել է իրականացվող աշխատանքները և ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման մեծ ներուժը:
Հիշեցնենք, որ նախագիծն անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրի արդյունք է։ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային նախագին ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ: Նախագիծը նախատեսում է ճանապարհների, խողովակաշարերի կառուցում և անվտանգության ապահովում, ինչպես նաև ամրապնդում է Հայաստանի ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ-ի հետ: Նախագծի հիմնական նպատակը անվտանգ տրանսպորտային միջանցքի ստեղծումն է (երկաթուղիներ և ավտոճանապարհներ, կապի ենթակառուցվածքներ): Նախագիծն իրականացվում է հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության (TRIPP Company) կողմից: Դրա իրականացման իրավունքները տրամադրվում են ԱՄՆ-ին 99 տարի ժամկետով։ Նախագիծը դիտարկվում է որպես Եվրոպան եւ Ասիան կապող "Միջին միջանցքի" մաս՝ նպաստելով խաղաղությանը երթուղիների ապաշրջափակման հաշվին:



