
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առայժմ չեն կողմնորոշվել հետագա համագործակցության ձևաչափի առնչությամբ: Հունվարի 30-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այդ մասին հայտարարել է կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք դռները չենք փակում, համագործակցության կողմնակից ենք, սակայն այն պետք է լինի ծրագրային և գաղափարական», - նշել է նա, հավելելով, որ կոալիցիայի և ՀՅԴ համար պորտֆելների վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել: «Քննարկվում է ձևաչափը, որի մասին, ամենայն հավանականությամբ, կարող եմ խոսել հաջորդ նիստից հետո», - նշել է նա: ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերի առնչությամբ, թե ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն նույնպես քննարկում են համագործակցության ձևաչափը, Շարմազանովը հայտարարել է, որ եթե, նույնիսկ, եղել է հանդիպում, ապա առայժմ վերջնական որոշում չի եղել: «ՀՀԿ գործադիր մարմինն առայժմ չի քննարկել, թե մենք ում հետ պետք է համագործակցենք և ինչ ձևաչափով, թե` արդյոք կլինի կոալիցիա», - հայտարարել է փոխխոսնակը:
Ավելի վաղ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հաղորդել էր, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ բանակցություններ է վարում համագործակցության նոր ձևաչափը որոշելու նպատակով, քանի որ սահմանադրական հանրաքվեից հետո ՀՅԴ-ն, որը սատարել է բարեփոխումները, պետք է նաև մասնակցի դրանց իրագործմանը: Ընդ որում նա դժվարացել է ասել` արդյոք կստեղծվի նոր կոալիիցիա, թե համագործակցություն կընթանա ինչ-որ նոր ձևաչափով, և, ընդհանրապես, արդյոք ձևաչափը կորոշվի մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, թե` դրանից հետո: Իսկ ահա ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հավաստիացրել է, որ իշխանության հետ կոալիցիայի և համագործակցության վերաբերյալ ոչ մի հարց չի քննարկվել: Սակայն, հաշվի առնելով ԲՀԿ «սկզբունքային» դիրքորոշումների հաճախակի փոփոխության փորձը, այդ թվում` սահմանադրական բարեփոխումների հարցի և բյուջեի նկատմամբ, «սակարկության» տարբերակը բացառել չի կարելի:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են իշխանական շրջանակների աղբյուրները, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն փոխհամաձայնության են եկել. ՀՅԴ-ն կստանա երկու նախարարական պորտֆել, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Ըստ տեղեկությունների, ՀՅԴ-ին բաժին կհասնի էկոնոմիկայի նախարարի, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարի պորտֆելը: Նախնական պայմանավորվածության համաձայն, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին կբաժանվի երկու գերատեսչության՝ Տարածքային կառավարման նախարարության, որը կհանձնվի ՀՅԴ-ին, հնարավոր է, այն գլխավորի դաշնակցական Դավիթ Լոքյանը, և Արտակարգ իրավիճակների նախարարության, որը կղեկավարի ներկայիս նախարար Արմեն Երիցյանը:
Սպասվում են նաև այլ կադրային փոփոխություններ, բայց արդեն՝ ոչ ՀՅԴ և ՀՀԿ միջև պայմանավորվածությունների լույսի ներքո: