


Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանը մեղադրել է նախընտրական քարոզչության շրջանակում վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահման համար:
Ինչպես պարզաբանել են «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունում, մայիսի 13-ին նախատեսված էր քաղաքական ուժի անդամների հանդիպումը Թալինի բնակիչների հետ։
«Սակայն Թալինի համայնքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով՝ համայնքապետարանը չի կարողանա նախապես պայմանավորված ժամին ապահովել մեր հանդիպումը քաղաքացիների հետ նախատեսված վայրում:
Մենք արձանագրում ենք, որ սա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնհայտ դրսևորումն է։ Քանի որ մեր նպատակը հարյուրավոր քաղաքացիների համար պատշաճ և արժանապատիվ հանդիպում կազմակերպելն է, իսկ նշված վայրն ամենահարմարն է նման հանդիպում կազմակերպելու համար, տեղեկացնում ենք, որ չենք ընդունում մեզ առաջարկվող արհեստական սահմանափակումները։ Թալինի մեր հայրենակիցների հետ կհանդիպենք առաջիկա օրերին։ Հանդիպման հստակ օրվա և վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ», - նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին ։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ: Նախընտրական շրջանը տևում է մայիսի 8-ից հունիսի 5-ը ։ Նախընտրական քարոզչությունն արգելվում է քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ին, և քվեարկության օրը մինչև ժամը 20:00-ն:



