
Արմինֆո. Հայաստանի դատախազությունը 2025 թվականի հունվարին Բելառուսի գլխավոր դատախազություն է ուղարկել Նվեր Ծառուկյանին հանձնելու միջնորդություն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով նրան ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու համար։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ի պատասխան Հանրային հեռուստաընկերության հարցման։
Ըստ պատասխանի՝ 2025 թվականի նոյեմբերին Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունից ստացվել է նամակ այն մասին, որ հանձնման միջնորդությունը կքննարկվի կիրառելի միջազգային պայմանագրի հիման վրա՝ Բելառուսի տարածքում հետախուզվողի գտնվելու վայրը պարզելուց և նրան ձերբակալելուց հետո։
Նշենք, որ այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շենգավիթում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողներին հայտարարել է, որ մտադիր է Բելառուսից վերադարձնել և պատասխանատվության ենթարկել Գագիկ Ծառուկյանի որդուն։
Ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր որդին գործերով գտնվում է Հայաստանից դուրս, սակայն ընտրություններից հետո (ս.թ. հունիսի 7-ին) կվերադառնա երկիր և ինքը կներկայացնի, թե որտեղ է եղել և ինչ պատճառով է բացակայել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, խաղատներից մեկում տեղի է ունեցել միջադեպ Նվեր Ծառուկյանի մասնակցությամբ։ Հաստատության աշխատակիցների, Նվեր Ծառուկյանի և նրա թիկնապահների միջև վեճ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի. հնչել են կրակոցներ։
Քննչական կոմիտեից հայտնել են քրեական վարույթ նախաձեռնելու և հինգ անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին։
Նվեր Ծառուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (նախնական համաձայնությամբ խմբի կողմից իրականացված ավազակության դրդչություն՝ գույքի պաշտպանության միջոցների վնասմամբ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի պահում և կրում):
Դատարանի որոշմամբ Նվեր Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։