
Արմինֆո.Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հաղորդել է անհայտ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների մասին: Այդ մասին փորձագետը գրել է Facebook-ի իր էջում ՝ դիմելով ՀՀ ԱԱԾ, Ներքին գործերի նախարարության և Գլխավոր դատախազության ներկայացուցիչներին:
Նշելով, որ դա տեղի է ունենում արդեն տևական ժամանակ, Հայրապետյանը հաղորդել է, որ սպառնալիքներն ակտիվանում են իր յուրաքանչյուր հրապարակային հարցազրույցից հետո: Նա պատմել է, որ հարձակումները սկսվել են Facebook սոցիալական ցանցում, իսկ վերջին շրջանում շարունակվել են սոցիալական ցանցերից դուրս:
Հայրապետյանի խոսքով ՝ նշված անձը հայտնվում է բակում, այդ թվում ՝ երեկոյան ժամերին, հաղորդագրություններ է գրում, փորձում է գնալ իր հետևից, ֆիզիկական անկանոն շարժումներ է կատարում ՝ փորձելով վախեցնել և վախ առաջացնել:
«Նշված անձի գործողություններն անօրինական հոգեկան ներգործություն են ինձ վրա, ինչպես նաև ֆիզիկական ներգործության իրական վտանգի սպառնալիք։ Բանն այն է, որ նա զուգահեռում է սոցիալական ցանցերում ինձ հետապնդելը իրական կյանքում հետապնդելու արարքների հետ։ Ընդ որում, ցույց է տալիս, որ իր քայլերում հետևողական է, այսինքն՝ սոցիալական մեդիայում նամակով սպառնում է անել կամ հետապնդել ինձ, ու հետո դա անում է իրական կյանքում։ Օրինակ, եթե գրում է, որ սպասում է ինձ շենքի տակ, հետո փաստացի հայտնվում է այդ տարածքում՝ ինձ ահաբեկելու միտումով։ Դրանով ցույց է տալիս, որ իր հետապնդումնե00րից չեմ կարող խուսափել, նա իր սպառնալիքները կատարելու է։
Ինձ այս ամենը խիստ անհանգստություն է պատճառում։ Նշված անձը դա անում է, որպեսզի տագնապ առաջացնի ինձ մոտ, ակնհայտ հոգեկան ներգործություն է գործում իմ ու ընտանիքիս վրա, առկա են ֆիզիկական ներգործության սպառնալիքներ։
Կից ներկայացնում եմ տեսանյութը, մի քանի սքրինշոթներ նրա գրառումներից ու մեկնաբանություններից, որոնք նա գրելուց ժամեր անց արագորեն հեռացնում է, կարճ ասած՝ մաքրում է հետքերը։
Սա ակնհայտորեն կապված է իմ հանրային ու հասարակական գործունեության հետ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ես ակտիվորեն հանրային տիրույթում քննադատում եմ ներկայիս իշխանություններին, նրանց քաղաքականությունը, զբաղվում եմ Ադրբեջանից եկող վտանգների, Ադրբեջանում պետական մակարդակով մշակվող ծրագրերի բացահայտմամբ՝ մեր հանրության համար։
Վստահ եմ՝ մեքենայի համարներով և դեմքով արագորեն կհայտնաբերեք սույն անձին և կպարզեք, թե ինչու և ինչ հանգամանքներում է նա սկսել ինձ հետապնդել և սպառնալ՝ սկզբում սոցցանցային տիրույթում, իսկ հիմա արդեն՝ իրական կյանքում՝ ֆիզիկապես ու հոգեպես։
Հույս ունեմ՝ արագորեն կբացահայտվեն սույն անձի մոտիվները, իսկ իմ կյանքին ու ֆիզիկական անվտանգությանը ուղղված սպառնալիքները կվերանան, և այս անձի նման անօրինական ու վտանգավոր վարքագիծը կկանխվի։ Կսպասեմ ձեր արձագանքին՝ իմ հետագա քայլերը պլանավորելու համար», - գրել է Տաթեւիկ Հայրապետյանը