


Աշխարհի մի քանի երկրներում տարածված Զիկա վարակը Հայաստանին չի սպառնում:
Ինչպես նախօրեին մամուլի ասուլիսում հաղորդել է Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, վարակի տարածողները Aedes տեսակի մոծակներն են, որոնցից Հայաստանում չկա: «Չնայած դրան` ՀՀ առողջապահության նախարարությունը կշարունակի հետևել այլ երկրներում Զիկա վարակի տարածմանն առնչվող իրավիճակին», - նշել է նա:
Ինչպես հաղորդում է ԱՀԿ, ներկայում յուրահատուկ բուժում և պատվաստանյութ չկա: Կանխարգելման առավել արդյունավետ միջոց է մոծակի խայթոցից պաշտպանվելը: Հայտնի է, որ վարակը տարածված է Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ասիայում և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում:
Հիվանդության ախտանիշները նման են մյուս արբովիրուսային վարակների ախտանիշներին. բարձր ջերմություն, մաշկային ցան, կոնյունկտիվիտ, մկանային և հոդային ցավեր, թուլություն և գլխացավ: Այդ ախտանիշները, սովորաբար, թույլ են արտահայտված և պահպանվում են 2-7 օր:
Զիկա վարակի հարուցած հիվանդությունը, սովորաբար, թեթև է ընթանում և հատուկ բուժում չի պահանջում: Վարակված մարդիկ պետք է շատ հանգստանան, բավականաչափ հեղուկ օգտագործեն և ընդունեն սովորական ցավազրկող և ջերմությունն իջեցնող պատրաստուկներ: Բարդության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանն ու խորհորդներին:



