


Արմինֆո."Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կատակել է այն հարցի շուրջ, թե ինչ փուլում է գտնվում Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը:
Մայիսի 12-ին Հակակոռուպցիոն դատարանում հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հիշեցրել է, որ տնային կալանքի տակ է, հետևաբար, այդ հարցերով զբաղվում է փաստաբան Արամ Վարդևանյանը: "Առավոտյան արթնացա, զանգեցի Վարդևանյանին ու ասացի՝ արագ սկսիր այդ գործընթացը։ Բայց Վարդևանյանն այնքան փակ մարդ է, որ, նույնիսկ, ինձ չի ասում, թե ինչպես են գործերը", - ժպտալով ասել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդը։
Միաժամանակ, նա նշել է, որ վստահում է Վարդևանյանին և դրա համար էլ ստորագրում է այն բոլոր թղթերը, որոնք փաստաբանը բերում է այդ հարցով։ "Ես տնային կալանքի տակ եմ, դեսպաններից ոչ մեկը չի ցանկացել գալ ու տեսնել ինձ։ Վարդևանյանը զբաղվում է այդ հարցով։ Իմ խնդիրը հենց Վարդևանյանն է, եթե ինքը լուծի այդ հարցերը, ուրեմն բուն խնդիրն էլ կլուծվի", - նշել է Կարապետյանը։
Վարդևանյանն, իր հերթին, լրագրողներին խնդրել է հարցը քննարկել ավելի ուշ, միայն հայտարարելով, որ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը սկսված է:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով "Ուժեղ Հայաստան" կուսակցության կողմից վարչապետի պաշտոնի համար Սամվել Կարապետյանի թեկնածության առաջադրմանը, հայտարարել էր, որ Հայաստանի օրենսդրության և սահմանադրության համաձայն, 2, իսկ տվյալ դեպքում ՝ 3 երկրի քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող պատգամավոր լինել կամ հավակնել երկրի վարչապետի պաշտոնին: Իսկ արդեն ապրիլի 15-ին Երևանում Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստի ժամանակ Կարապետյանը հայտարարել էր, որ սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը



