


Արմինֆո.2026թ. մայիսի 11-12-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում էր Նեապոլում, որի շրջանակներում մի շարք հանդիպումներ է անցկացրել քաղաքի ղեկավարության, նաև տեղական ինքնակառավարման, տարածաշրջանային, կրթական, նորարարական և մշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ։
Իտալիայում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, դեսպանին այցի ընթացքում ուղեկցում էին Նեապոլի քաղաքապետի խորհրդական Ֆրանչեսկո Սենեսեն և հասարակական ու մշակութային գործիչ Միկկելե Դե Սիմոնեն։
Այցի շրջանակներում դեսպան Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Նեապոլի քաղաքապետ պրոֆ. Գաետանո Մանֆրեդիի, Նեապոլի քաղաքային խորհրդի նախագահ դոկտ. Վինչենցա Ամատոյի, Նեապոլի «L’Orientale» համալսարանի ռեկտոր, պրոֆ. Ռոբերտո Տոտտոլիի, Տարածաշրջանային մշտական հանձնաժողովի փոխնախագահ դոկտ. Ֆրանչեսկա Ամիրանտեի, Նորարարությունների և «Խելացի քաղաքի» հարցերով Նեապորի քաղաքապետի հանձնակատար Վալերիո Դի Պիետրոյի, Կարլո Մորելլիի և նրա մշակութային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նեապոլի միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգրկելով կրթության, գիտության, մշակույթի, տեղական ինքնակառավարման, նորարարությունների, «խելացի քաղաքի» լուծումների, տնտեսական կապերի և քաղաքային զարգացման ոլորտները։
«Հանդիպումները հնարավորություն են տվել ամրապնդելու երկկողմ ինստիտուցիոնալ կապերը, նախանշելու կրթական և մշակութային փոխանակումների նոր ուղղություններ, ինչպես նաև քննարկելու Հայաստանի և Նեապոլի միջև գործնական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այցն ընդգծեց փոխադարձ հետաքրքրվածությունը՝ զարգացնելու հայ-իտալական կապերը տեղական և տարածաշրջանային մակարդակներում», - նշվում է հաղորդագրությունում։



