


Արմինֆո. Գործարար և բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձվել է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմին:
Թեմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Դոնի Ռոստովի քաղաքային իշխանությունները Հայկական ճեմարանի պատմական շենքը, որպես պատմամշակութային ժառանգություն, վերադարձրել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմին:
«Ազգային բարերար Սամվել Կարապետյանը, ով միշտ մեծ կարևորություն է տվել Հայ Եկեղեցու կրթական առաքելությանը թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում, այս գործում ներդրել է իր անգնահատելի և ազնիվ ջանքերը: Շենքի հետագա շահագործումն ու վերականգնումը կազմակերպելու նպատակով թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը մեկնել է Դոնի Ռոստով, որտեղ ունեցել է մի շարք հանդիպումներ: Այցի ընթացքում պարզվել է, որ քառահարկ շենքն օժտված է հիանալի ճարտարապետական լուծումներով, սակայն, քանի որ այն երկար տարիներ չի օգտագործվել, հայտնվել է անմխիթար և լքված վիճակում», - ասված է թեմի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ թեմը պատրաստակամություն է հայտնել վերանորոգել շենքը և վերականգնել կրթական կենտրոնի պատմական առաքելությունը:
Ըստ բաց աղբյուրների՝ մինչև 20-րդ դարի սկիզբը հայաբնակ Նոր Նախիջևան թաղամասը թեմական կյանքի հոգևոր կենտրոնն էր: Դա պայմանավորված էր նրանով, որ հենց այստեղ 1875 թվականին հիմնադրվել էր տարածաշրջանի լավագույն աստվածաբանական դպրոցներից մեկը, որը 1881 թվականին Ալեքսանդր II կայսրի հրամանագրով վերակազմավորվել էր հոգևոր ճեմարանի:



