


Արմինֆո.Բրիտանիայի կառավարության հայտարարությունները Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի իբր միջամտության մասին անհեթեթ տեսք ունեն Լոնդոնի բացահայտ նեոգաղութային քաղաքականության ֆոնին։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպանատան մեկնաբանության մեջ, որը փոխանցվել է ՏԱՍՍ-ին։
«Երևանում արևմտաեվրոպական քարոզչական «դեսանտի» ֆոնին բրիտանական մեղադրանքները Հայաստանի ընտրություններին միջամտելու վերաբերյալ է՛լ ավելի անհեթեթ են դառնում։ Լոնդոնի նեոգաղութային քաղաքականությունը, որը նախկինում նպաստել էր Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ թիրախավորել է նաև Հայաստանը։ Ժամանակն է, որ Արևմուտքն ինքը դադարի միջամտել ինքնիշխան պետությունների գործերին, ինչպես դա արվեց վերջերս Մոլդովայում և Ռումինիայում։ Գողի սիրտը դող է», — նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։
Ավելի վաղ ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալասը հայտարարել էր Հայաստանին 15 միլիոն եվրո հատկացնելու մասին՝ «ռուսական քարոզչությանը հակազդելու համար»։ Նա նաև նշել էր, որ հանրապետությանը «մենակ չեն թողնի արտաքին միջամտության դեմ»։ Ըստ նրա՝ արագ արձագանքման խումբը Երևանին օգնություն կցուցաբերի պոտենցիալ սպառնալիքների հետմղման հարցում։ Ավելին, ապրիլի վերջին ԵՄ-ն, ի պատասխան Հայաստանի հարցման, հավանություն տվեց Երևան «արագ արձագանքման խումբ» ուղարկելուն՝ «Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Կրեմլի ապատեղեկատվությանը և ռուսական միջամտությանը հակազդելու համար»։ ԵՄ-ն նմանատիպ՝ շուրջ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ «օգնելու մոլդովական իշխանություններին բացահայտել և հակազդել սոցիալական ցանցերում Ռուսաստանից եկող ապատեղեկատվությանը»։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատրաստակամություն է հայտնել Հայաստան ուղարկել եվրոպականին համանման ռուսական առաքելություն, եթե Երևանը նման ցանկություն հայտնի։



