


Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) Ադրբեջանից և Հունգարիայից պահանջել է պաշտոնապես պատասխանել հայ սպա Գուրգեն Մարգարյանի հարազատների հայցին, ում սպանել էր ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը: Այդ մասին հաղորդում է Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի կայքը:
Աղբյուրի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի և Հունգարիայի կառավարություններին պատասխանող կողմ է ճանաչել Մարգարյանի սպանության գործով:
Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովը 2012 թվականի օգոստոսի 31-ին արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ հենց հաջորդ օրը նախագահի հրամանագրով նրան շնորհվեց ներում, մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձը: Ի պատասխան՝ Հայաստանը խզեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Ինչպես պնդում էր Բուդապեշտը, մինչև Ռ.Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանը Հունգարիային գրավոր երաշխիք էր տվել, որ Սաֆարովի ցմահ ազատազրկումը դատարանը կարող է փոխել միայն առնվազն 25 տարի բանտարկությունից հետո: Համաշխարհային հանրությունը Բուդապեշտին սուր քննադատության ենթարկեց Սաֆարովի Բաքվին արտահանձնման և ապօրինի ազատ արձակման համար:


