


Արմինֆո. Աթենքի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված գեղարվեստական միջոցառում, որը կազմակերպել էր Հունաստանի հայերի միությունը՝ Աթենքի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:
Ըստ ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության, "Ժողովուրդը հաղթում է մահին" խորագրով միջոցառմանը մասնակցել են Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Աթիկայի շրջանի նահանգապետերի տեղակալներ, ինչպես նաև հունական տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, Հունաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչ և Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Առաքելյանը:
Երեկոյի ընթացքում կատարվել են հայկական մշակույթը ներկայացնող երգեր, հատվածներ հայ անվանի բանաստեղծների ստեղծագործություններից ՝ հունարեն ասմունքների ուղեկցությամբ, ինչպես նաև ներկայացվել են հայկական ազգային պարեր:
Ազգային հիշողության, դիմադրության և վերածննդի ոգին հայկական մշակույթի միջոցով հանդիսատեսին հաղորդող մշակութային ծրագիր են ներկայացրել "Մկրտիչ Պողոսյան" ազգագրական երաժշտական համույթի ներկայացուցիչները և "Ավետիս" հայ ազգագրական պարախումբը:
Միջոցառման կազմակերպիչներն ընդգծել են, որ նման նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն ոչ միայն պատմական արդարության և ազգային հիշողության պահպանման, այլև համայնքային կյանքի կենսունակության և Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման համար:



