


Արմինֆո. Մայիսի 10-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է ապօրինաբար տնային կալանքի տակ գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Այս մասին հաղորդում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
«Նորին Սրբությունը մեծանուն հայորդուն բերեց Սուրբ Էջմիածնի օրհնությունը և բարեմաղթեց տոկունությամբ ու հավատով դիմագրավելու առկա դժվարություններն ու փորձությունները։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հակառակ այս նեղությունների տիար Սամվել Կարապետյանը հուսառատությամբ, հայրենասեր ու եկեղեցասեր իրեն բնորոշ ոգով պիտի շարունակի ազգօգուտ իր ծանրակշիռ ներդրումը բերել հանուն հայրենիքի և աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության», - նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ էին նախաձեռնել անցյալ տարվա հունիսին, երբ վերջինս հրապարակային աջակցություն էր հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծավալած հակաքրիստոնեական արշավի ֆոնին: Կալանավորումն ու "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերությունը Կարապետյանից խլելու Հայաստանի իշխանությունների փորձը ստիպել են բարերարին ու գործարարին մտնել քաղաքականություն։ Նա ստեղծել է "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը, որի հետ0 մասնակցում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։



