
Արմինֆո. Հայ պաշտոնյաները միաբերան պնդում են․ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չկա։
Մասնավորապես, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, հիշեցրել է, որ դրանք երկար պատմություն ունեն։ Նա հավելել է, որ ներկայումս հարաբերություններում կան որոշ խնդիրներ, որոշ հարցեր ։ "Մենք դրանք քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ ։ Ես դրանք ճգնաժամ չէի անվանի", - ասել է Սաֆարյանը, հավելելով, որ բնական գործընթաց է, երբ կողմերի միջև որոշ հարցեր են առաջանում։
Անդրադառնալով Երեւանում Վլադիմիր Զելենսկու հայտարարությունների առնչությամբ Հայաստանի դեսպանին Ռուսաստանի ԱԳՆ կանչելուն՝ Սաֆարյանը նշել է, որ դեսպանին նոտա է հանձնվել, եւ եթե հայկական կողմը նպատակահարմար գտնի, կհրապարակի դրա բովանդակությունը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, իր հերթին, նույնպես խոստովանել է, որ ինչ-որ պահի հայ-ռուսական հարաբերություններում կարող են խնդիրներ լինել եւ կան, բայց համակարգային ճգնաժամ Ռուսաստանի հետ հարաբերություններում չկա:
"Եթե միջպետական կապերի ողջ սպեկտրը դիտարկենք համալիրում, ապա, չնայած ծագող քննարկումներին, խորը խզման կամ ճակատագրական ճգնաժամի մասին այս պահին խոսել չի կարելի", - ասել է նա:
Մեկնաբանելով Մոսկվայի քննադատությունը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Զելենսկուն հարթակ տրամադրելու առնչությամբ, Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանն, ընդամենը, հավատարիմ է եղել միջոցառման սահմանված միջազգային ձևաչափին: "Ես խնդիր չեմ տեսնում Երևանում միջազգային միջոցառում անցկացնելու և դրանից բխող բոլոր արարողակարգային գործընթացներին հետևելու մեջ", - ասել է նա:
Գրիգորյանը նաև հավաստիացրել է, որ ծանոթ չէ Երևանից Զելենսկու՝ Մոսկվայի հասցեին հնչեցրած սպառնալիքներին, նշելով, որ այստեղ կարևոր է, թե ինչ է հայտարարում Հայաստանը, որն է նրա պաշտոնական դիրքորոշումը, այլ ոչ թե յուրաքանչյուր առանձին հյուրի հայտարարությունների մոնիտորինգը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ սպառնացել էր Ռուսաստանին հարվածել Մոսկվային՝ մայիսի 9-ին Հաղթանակի շքերթի անցկացման օրը: Նա օտարերկրյա առաջնորդներին խորհուրդ էր տվել հրաժարվել շքերթին մասնակցելուց ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանում չի մոռացվի Երևանի լռությունը Մոսկվայի հասցեին Զելենսկու այդ "ահաբեկչական հայտարարությունների" ֆոնին: Ավելին, նույն օրը ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, և նրան բողոք էր ներկայացվել այդ կապակցությամբ: