
Արմինֆո.«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, գտնվելով տնային կալանքի տակ, առաջին անգամ հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ՝ կոչ անելով հայ ժողովրդին միավորվել և պաշտպանել հայկական ինքնությունը:
Սամվել Կարապետյանի կողմնակիցները բազմամարդ հանրահավաք են անցկացրել նախ Հաղթանակի զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ, ապա շարժվել դեպի կուսակցության առաջնորդի տուն: Դեպի Սամվել Կարապետյանի տուն տանող ճանապարհին նրանք վանկարկել են «Փոփոխություններ», «Սամվել՝ վարչապետ»:
Իր ելույթի ընթացքում Սամվել Կարապետյանը հավաստիացրել է, որ ուղիղ մեկ ամիս անց իրենք հայ ժողովրդի հետ միասին տոնելու են մեծ հաղթանակը: «Ես շնորհակալ եմ, որ առաջին իսկ օրվանից դուք բոլորդ կանգնած եք իմ և մեր կուսակցության կողքին: Միասին մենք մեծ աշխատանք ունենք անելու: Բոլորս միասին մեր երկիրն ազատելու ենք այն «փուչիկից», որը փչել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հենց դուք եք այն մեծ ուժը, որը կարող է դա անել մեր Հայրենիքի համար: 8 տարի շարունակ Ալիևի «նահանգապետը» խայտառակել է մեր երկիրն ամբողջ աշխարհի առջև, 8 տարի ստով է կերակրել Հայաստանի ժողովրդին, և միայն մեր ուժը կարող է ստիպել նրան ծնկի գալ հայ ժողովրդի առջև: Դրա համար մենք բոլորս պարտավոր ենք միավորել մեր ժողովրդին, հաղթահարել վախը, և շատ շուտով մենք դա կանենք բոլորս միասին: Մենք պարտավոր ենք միասին պաշտպանել մեր ինքնությունը: Ինձ մենակ մի՛ թողեք այս պայքարում: Մինչ օրս դուք արդեն ցույց եք տվել, որ մենք դա արել ենք բոլորս միասին», - նշել է Կարապետյանը:
Իր հերթին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հիշեցրել է, թե հանուն ինչի է պայքարում իրենց կուսակցությունը։ Նա նշել է, որ Հայաստանի մարզեր կատարած այցելությունների ընթացքում իրենք տեսել են, որ մարդիկ փոփոխություններ են ուզում։ Կուսակցության քաղխորհրդի անդամի խոսքով՝ այսօր Հայաստանի խորհրդանիշը մուրճն է, որով հայկական իշխանությունները փորձում են լռեցնել սեփական ժողովրդին։ Մինչդեռ, նրա խոսքով, վաղվա Հայաստանի խորհրդանիշը լինելու է բահը, քանի որ, ինչպես պարզաբանել է Կարապետյանը, այն արարման խորհրդանիշն է։
«Մեր երկրում հազարավոր մարդիկ բնակարան չունեն. բռնի տեղահանված արցախցիները, Սպիտակի երկրաշարժից տուժած հայերը մինչ օրս բնակարան չունեն։ Մարդիկ մեզ ասում են, որ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչները նույնն են։ Հավատացեք, մի օր հայ ժողովուրդը, մտաբերելով այս ժամանակաշրջանը, միայն լավն է հիշելու, որովհետև մենք իրականացնելու ենք մեր հայրենակիցների բոլոր սպասելիքները։ Մենք շատ անելիք ունենք, երկիրը քանդված է, սկսելու ենք զրոյից։ Բայց մենք պետք է աշխատենք, կառուցենք մեր երկիրը և հասնենք մեր նպատակին», - նշել է Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ՀՀ խորհրդարանի շենքի մոտ մեկնարկել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը՝ կապված հունիսի 7-ին երկրում կայանալիք ընտրությունների հետ։