


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայատան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույցներ է ունեցել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Լատվիայի պատվիրակության ղեկավար Ինես Լիբինա-Էգների, Լիտվայի Հանրապետության Սեյմասի Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբի ղեկավար, ԵԽԽՎ-ում Լիտվայի պատվիրակության անդամ Դալիա Կուոդիտեի եւ Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Մատի Ռայդմայի հետ:
Է.Շարմազանովը բարձր է գնահատել Բալթյան երկրների խորհրդարանականների վարքագիծը ԵԽԽՎ հունվարի 26-ի լիագումար նիստին «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում՚, ինչպես նաև բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրիցե հակահայկական բանաձևերի նախագծերին դեմ քվեարկելու հարցում:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ խորհրդարանականների քվեարկությունը ցույց է տվել, որ կողմնակից են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և մերժում են Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները:
Հունվարի 26-ի նիստում ուղղումներով հավանություն տալով Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցին` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» զեկույցը:


