
Արմինֆո.Ուղիղ 34 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի մայիսի 8-ին, հայկական կողմը հաջողությամբ իրականացրեց Շուշի քաղաքի ազատագրման "Հարսանիք լեռներում" գործողությունը:
Շուշիի ազատագրումը շրջադարձային էր Արցախյան պատերազմում։ Թվով և սպառազինությամբ գերազանցող թշնամական կողմը կորցրեց գլխավոր ռազմական հենակետը, որից գնդակոծվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և նրան հարակից գյուղերը: Սակայն այսօր հայ ժողովրդի վճռորոշ հաղթանակներից մեկը փորձում են մոռացության մատնել Հայաստանի իշխանությունները, ինչպես և՝ Արցախյան շարժումը, որը Շուշիի ազատագրումից հետո թևակոխեց որակապես նոր փուլ:
Նշենք, որ Շուշիի ազատագրման ռազմական գործողություններն իրականացվել են չորս ուղղություններով։ "Հարսանիք լեռներում" գործողությունը ղեկավարել է Արկադի Տեր - Թադևոսյանը։ Շուշիի ազատագրման ռազմական գործողությունները մշակման և իրականացման տեսանկյունից գրեթե անթերի, եզակի ռազմական գործողություն էին, որը տևել է 26 ժամ, և մայիսի 9-ին Շուշին արդեն ազատագրված էր: Շուշիի ազատագրման համար մղված մարտերում հայկական բանակը ունեցել է 57 զոհ, իսկ ադրբեջանցիները՝ 250-300 սպանված և 600-700 վիրավոր։ Եվս 13 մարդ գերի է ընկել։
Շուշիի ազատագրման շնորհիվ զինաթափվեցին թշնամու բոլոր կրակակետերը, ինչպես նաև Ստեփանակերտի և հարակից շրջանների ռազմակայանները: Հակառակորդի կենդանի ուժը և տեխնիկան կրեցին մեծ կորուստներ։ Շուշիի ազատագրմանը հաջորդեց Լաչինի միջանցքի բացման ռազմական գործողությունը, որով ճեղքվեց ԼՂՀ շրջափակման օղակը, և ժողովրդի արհեստականորեն անջատված երկու հատվածները կրկին վերամիավորվեցին, բացվեց ԼՂՀ-ն և ՀՀ-ն կապող կյանքի ճանապարհը։ Շուշիի ազատագրմամբ վերջնականապես ամրապնդվեց սեփական միջոցներով և ուժերով թշնամու նկատմամբ հաղթանակի հավատը: Ելնելով Շուշիի ազատագրման պատմական կարևորությունից և Ղարաբաղյան պատերազմի ընթացքում նրա շրջադարձային նշանակությունից' ԼՂՀ Ազգային ժողովը 1994 թվականին սահմանեց "Շուշիի ազատագրման համար" մեդալ: Մայիսի 9-ը ԼՂՀ-ում և ՀՀ-ում պաշտոնապես հայտարարվեց Շուշիի ազատագրման և հաղթանակի օր:
2020 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրման արդյունքում Շուշին հանձնվեց Ադրբեջանին։