


Արմինֆո.Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։ Նա նաեւ պաշտպանում է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի շահերը, ում մեղսագրվում են երկրում իշխանությունը զավթելու կոչեր՝ Հայոց եկեղեցուն հրապարակայնորեն աջակցելու համար:
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Եկեղեցու դեմ սանձազերծված արշավին, շինծու մեղադրանքներով եկեղեցականների և ի պաշտպանություն Եկեղեցու հանդես եկած հայորդիների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին ու ապօրինի քրեական հետապնդումներին։ «Այս համատեքստում կարևորվեցին օրինականության, մարդու իրավունքների միջազգային չափանիշների պահպանման և արդարադատության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը», - նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսին հակաեկեղեցական լայն արշավ էր ծավալել՝ պահանջելով Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը: Այդ արշավի շրջանակներում այս կամ այն ծանր հոդվածով կալանավորում են անհամաձայնություն դրսեւորող բոլոր անձանց ։ Ավելին, Փաշինյանի պահանջին միացել են 10 եպիսկոպոսներ։ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է համակարգող խորհրդի ստեղծման մասին, որը կզբաղվի Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման գործընթացի կազմակերպմամբ: Նա հրապարակել է այդ հարցի լուծման ճանապարհային քարտեզ։ Իսկ արդեն հունվարի 5-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի և նրա քարոզարշավին միացած 10 եպիսկոպոսների կողմից խորհրդի ստեղծման մասին շրջանակային համաձայնագիր է ստորագրվել։ Նկատենք, որ, ըստ ՀՀ սահմանադրության, Հայաստանն աշխարհիկ պետություն է, որտեղ Եկեղեցին անջատ է պետությունից։ Միաժամանակ, ճանաչվում է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) "բացառիկ առաքելությունը" ազգային ինքնության պահպանման գործում ։ -



