


ԵԽԽՎ ներկայացված երկու զեկույցներն ունեին ակնհայտ, անսքող հակահայկական ուղղվածություն: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Հունվարի 26-ի նիստում ուղղումներով հավանություն տալով Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցին` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» զեկույցը:
«Տարբերությունը միայն այն է, որ Ռոբերտ Ուոլթերի զեկույցն, այնուամենայնիվ, առավելապես վերաբերում էր ղարաբաղյան հակամարտության ռազմաքաղաքական ասպեկտներին, մինչդեռ Միլիցա Մարկովիչի պատրաստած զեկույցը ավելի շատ վերաբերում էր ղարաբաղյան հակամարտության հումանիտար ասպեկտներին», - նշել է նա:
Վերլուծաբանի գնահատմամբ, հարկավոր է նկատի ունենալ, ոչ զեկուցողները միանգամայն գիտակցաբար են ձեռնամուխ եղել կրակի հետ այդ խաղերին, որոնք նպատակաուղղված են տվյալ պահին ստեղծված ստատուս-քվոյի խախտմանը, ինչից, նրա կարծիքով, հետևում է, որ Եվրոպայի քաղաքական շրջանակներում կան ազդեցիկ ուժեր, որոնց դա անհրաժեշտ է:
Մելիքյանի գնահատմամբ, ԵԽԽՎ-ում այդ խաղերն ուղղակի հետևանքների չեն հանգեցնի: Այդուհանդերձ, նա կարծում է, որ ավելի լայն համատեքստում երկու զեկույցները կարող են օգտագործվել որպես խթան` տարածաշրջանից դուրս շահագրգիռ խաղացողների խաղաղապահ փորձի ինչ-ինչ նոր սեգմենտների ձևավորման համար: «Խնդիրն այն է, որ այդ սեգմենտները լիովին կարող են կիրառելի լինել ղարաբաղյան կարգավորման նկատմամբ», - ամփոփել է վերլուծաբանը:



