


Արմինֆո. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը պատմել է Երևան կատարած այցի մասին: "Երեւանյան համաժողովի շրջանակներում մենք ԵՄ, Վրաստանի եւ Ադրբեջանի բարեկամների, ինչպես նաեւ կարգավորման գործընթացի իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ մասնակցեցինք "Բեկումնային պահ Հարավային Կովկասում. խաղաղության եւ համագործակցության ակնկալիքներ" թեմայով պանելային քննարկմանը եւ ներկայացրեցինք մեր կարծիքները", - գրել է թուրք դիվանագետը Twitter-ի (X) իր էջում:
Նշենք, որ իր ելույթում թուրք պաշտոնյան սատարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և, ընդհանուր առմամբ, հանդես է եկել տարածաշրջանային փոխկապակցվածության օգտին: Եվ դա այն պայմաններում, երբ հենց Թուրքիայի նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանը փակվել է անցյալ դարի 90-ականների սկզբին։ Ավելին, Քըլըչը հայտարարել է, որ Երևանում իրեն զգում է ինչպես տանը, և հավելել, որ հայերն ու թուրքերը շատ նմանություններ ունեն։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Կողմերը կարգավորման գործընթացում Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ են նշանակել Սերդար Քըլըչին եւ Ռուբեն Ռուբինյանին, ովքեր արդեն բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել, սակայն որեւէ բեկումնային որոշումների հասնել դեռ չի հաջողվել՝ բացի ավիաբեռնափոխադրումներից եւ ուղեւորափոխադրումներից:



