


Արմինֆո.Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբերը՝ այն ժամանակը, երբ ժամացույցները կանգ առան, և ամբողջ քաղաքը քարացավ, երբ ողջ աշխարհը ոտքի կանգնեց՝ քեզ օգնության հասնելու համար, Հայաստա՛ն»։
Այս մասին Գյումրի կատարած այցի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Վարդանանց հրապարակում կայացած «Երաժշտական կամուրջ. Հայաստան - Ֆրանսիա» համերգի ժամանակ ողջունելով քաղաքի բնակիչներին։
Վերհիշելով այդ օրերը՝ նա նշել է, որ Շառլ Ազնավուրը երգեց, և Ֆրանսիան միավորվեց. ավելի քան 500 հրշեջներ, զինվորականներ և սակրավորներ ժամանեցին օգնության։ «Գյումրին կարողացավ վերածնվել դժոխքից հետո, ձմեռից հետո։ Եվ եկան նոր գարուններ։ Մենք գիտենք, թե ինչ դժվարությունների միջով եք դուք անցել վերջին տարիներին։ Եվ քանի դեռ կա Գյումրին, Հայաստանը շարունակում է շարժվել առաջ՝ դեպի խաղաղություն և կայունություն՝ Եվրոպայի հետ միասին։
Ինչպես մենք ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա։ Շնորհակալությո՛ւն, Գյումրի՛։ Շնորհակալությո՛ւն, Հայաստա՛ն։ Չմոռանա՛ք, Ֆրանսիան սիրում է ձեզ։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին»,- հրաժեշտ տալով գյումրեցիներին՝ ասել է Մակրոնը։
Նշենք, որ երկու երկրների բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը նվիրված «Երաժշտական կամուրջ. Հայաստան - Ֆրանսիա» համերգը Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած այցի շրջանակներում եզրափակիչ միջոցառումն էր։ Ինչպես հաղորդվել էր, Էմանուել Մակրոնը Գյումրիից ուղևորվելու է օդանավակայան։



