Հայաստանը բազմաթիվ անգամ է հայտարարել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտության մասին: Այս մասին հունվարի 26-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, առաջացած վեճերի ժամանակ պետք է ստեղծվեն հակամարտությունների խաղաղ կարգավորման պայմաններ, ինչը վերաբերվում է նաև լեռնային-ղարաբաղյան կարգավորմանը:
«Լեռնային-ղարաբաղյան հակամարտությունում կարևոր է կողմերի միջև ստեղծել վստահություն և միջադեպերը հետաքննող մեխանիզմներ: Մենք բազմաթիվ անգամ մեր պատրաստակամությունն ենք հայտնել այդ հարցի շուրջ, ավելին, երբեմն միակողմանիորեն հավաքել ենք հրադադարի ռեժիմի խախտման, դիվերսիոն սողոսկումների փաստերով իրեղեն ապացույցներ, ներկայացնելով դրանք համապատասխան կառույցներին»,-նշել է Օհանյանը: Այդ համատեքստում նա հույս է հայտնել, որ կգա ժամանակը, երբ ադրբեջանական կողմը կհասկանա վստահության և միջադեպերը հետաքննող մեխանիզմների ստեղծման անհրաժեշտոթյունը:
Միևնույն ժամանակ, մեկնաբանելով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, որ էներգակիրների գների տատանումների հետևանքով Ադրբեջանն ստիպված է կրճատել պաշտպանության ոլորտի ծախսերը, Օհանյանը նշել է, որ նավթի գների անկումն անդրադարձել է ինչպես Բաքվի, այնպես էլ մի շարք այլ երկրների տնտեսությունների վրա:
Նախարարը նշել է, որ հայկական կողմը տեղյակ է, թե որքան է ծախսում Բաքուն սպառազինությունների վրա, սակայն, չնայած դրան, սեփական անվտանգությունը պաշտպանելու համար Երևանը կշարունակի պլանավորումն ըստ սեփական կարիքների:
ՀՀ Պնախարարը հերքել է նաև Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանակն սահմանին մոտ գտնվող տարածքի գրավման մասին լուրերը: «Սահմանից 7 կմ հեռավորության վրա պահակակետի տեղակայումը դեռ չի նշանակում տարածքային առաջխաղացում, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-եզրափակել է Օհանյանը:
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև անցյալ տարվա դեկտեմբերին Բեռնում կայացած հանդիպումից հետո միսկի միջնորդները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ կրկին անգամ ընդգծեցին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը: