


Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կատարած պետական այցի շրջանակում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել սուրբ նահատակների հիշատակին: Այցի ընթացքում նրան ուղեկցել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը՝ 2001 թվականի հունվարի 29-ի ընդունելով թիվ 2001-70 համապատասխան օրենքը: Ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Բացի այդ, 2016 թվին ֆրանսիայի օրենսդիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. Սակայն, 2017թ․ հունվարի 27-ին Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Սենատի բանաձեւի դրույթը։ Իր որոշման մեջ Ֆրանսիայի ՍԴ-ը, մասնավորապես, ընդգծել է, որ բանաձեւի այդ դրույթը սահմանափակում է խոսքի ազատության սկզբունքը։
Հիշեցնենք, որ սա երկրորդ դեպքն է, երբ Ֆրանսիայի ՍԴ-ը Մայր օրենքին հակասող է ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 2012 թվականին։ Հետագայում Ֆրանսիացի խորհրդարանականները նախաձեռնել էին բանաձևի ընդունումը մի փոքր փոփոխված տեսքով ։ Փաստաթղթի ընդունումը, սակայն, առաջացրել է Ֆրանսիայի թուրքական համայնքի դժգոհությունը, որը դիմել էր ՍԴ՝ տվյալ բանաձևի օրինականությունը դիտարկելու նպատակով։



