
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցության իշխանության գալուց հետո 6 ամսվա ընթացքում Հայաստանում չպետք է մնա ծայրահեղ աղքատության մեջ ապրող ոչ մի մարդ։ Այդ մասին հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում։ Սամվել Կարապետյանի ստեղծած քաղաքական ուժի ներկայացուցիչներն այցելել են Գյումրի և Արթիկ քաղաքներ:
Խոսելով Արթիկ համայնքի մասին՝ Կարապետյանը նշել է, որ մոտ 50 հազար բնակչություն ունեցող այս համայնքը ժամանակին եղել է արդյունաբերական կենտրոն, և երբ Հայաստանում բոլորը խոսում են Արթիկի մասին, պատկերացնում են Հայաստանի շինանյութերի և հումքի կենտրոնը:
"Այսօր, եթե անցնենք յուրաքանչյուր համայնքով, կտեսնենք, որ տղամարդկանց զգալի մասը լքել է Հայաստանը։ Այստեղ իրավիճակը նույնն է, նույնն է Շիրակի հյուսիսում, նույնն է Գեղարքունիքում, նույնն է իմ հարազատ համայնքում։ Դուք լքում եք համայնքը եւ հեռանում եք, որովհետեւ այստեղ աշխատանք չկա", - նկատել է կուսակցության ներկայացուցիչը, հավելելով, որ պատճառն աշխատատեղերի բացակայությունն է։
"Ո՞վ է այն մարդը, ով այսօր պետք է ղեկավարի Հայաստանը։ Դա այն մարդն է, ով նման է մեզ, ձեզ, ով ժամանակին մեկնել է արտերկիր աշխատելու, հաջողության է հասել, բայց նրա հիշողությունը մնացել է, նա հիշել է իր հայրենիքը և, հաջողության հասնելով, միշտ աջակցել է իր հայրենիքին", - նշել է Նարեկ Կարապետյանն ու անդրադարձել Սամվել Կարապետյանի ծրագրերին, որոնք երկրում փոփոխություններ կբերեն:
Գյումրիում աջակիցների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում Կարապետյանն անդրադարձել է Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում առկա խնդիրներին: Նա արձանագրել է, որ Շիրակը ոչ միայն Հայաստանի ամենաաղքատ մարզերից է, այլ՝ նաև, որ 2018 թվի իշխանափոխությունից հետո մարզում աղքատության մակարդակն աճել է, և այնտեղ յուրաքանչյուր երկրորդ երեխան ապրում է աղքատության մեջ:
"Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը 8 միլիարդ դոլարի վարկ է վերցրել ։ Այս կառավարությունը յուրաքանչյուր ընտանիքի վրա 10 հազար դոլար պարտք է դրել։ Եթե այդ գումարի գոնե մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր Գյումրիում ոչ մի անօթևան չէր լինի", - նշել է քաղաքական ուժի ներկայացուցիչը։
Այնուհետև Նարեկ Կարապետյանը ներկայացրել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի առաջարկած ծրագրերը: Մասնավորապես, խոսելով ծայրահեղ աղքատության հաղթահարման ծրագրի մասին, նա նշել է, որ իրենց քաղաքական ուժն ստեղծում է ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական հիմնադրամ: Նա հիշեցրել է, որ այդ հիմնադրամի ստեղծման մասին իրենք հայտարարել են երեք օր առաջ ՝ Սամվել Կարապետյանի ներկայությամբ։ "Այդ հիմնադրամի միջոցների մի մասը գալիս է պետությունից, իսկ մնացածը ներդնում են աշխարհի ազդեցիկ հայերը։ Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքները, որոնց զգալի մասն ապրում է Գյումրիում ՝ 5 հոգանոց ընտանիքը, կսկսեն ստանալ ամսական 150 հազար դրամ, որպեսզի աշխատանքին զուգահեռ կարողանան գոնե ինչ-որ կերպ կրթություն ապահովել իրենց երեխաների համար և լուծել առողջական խնդիրները: Սա առաջին մեծ փոփոխությունն է, որը մենք ցանկանում ենք իրականացնել: 6 ամսվա ընթացքում Հայաստանում չպետք է մնա ծայրահեղ աղքատության մեջ ապրող ոչ մի մարդ", - պատմել է Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով Գյումրի քաղաքի զարգացման տեսլականին և ուղղություններին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ, հաշվի առնելով քաղաքի պատմամշակութային ժառանգությունը, Գյումրին կարող է դառնալ ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Նա նաև անդրադարձել է սպորտում գյումրեցիների հաջողություններին: