
Արմինֆո. Ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 1-ը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակության հետ համատեղ, աշխատանքային այցով գտնվում էր Շվեյցարիայում։
Ինչպես հաղորդում է ՀՅԴ մամուլի ծառայությունը, պատկան միջազգային մարդասիրական կառույցների հետ հանդիպումների առանցքում արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի ապահովումն ու տարածաշրջանային հումանիտար ճգնաժամի հաղթահարումն էին։ Մասնավորապես, քննարկվել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու վանդալիզմը կանխելու հրատապ հարցերը։
Ապրիլի 30-ին Շվեյցարիայի դաշնային խորհրդարանում կայացել է Արցախին նվիրված միջոցառում՝ շվեյցարացի խորհրդարանականների, փորձագետների, հայկական համայնքի և «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Բացման խոսքով հանդես են եկել «Շվեյցարական խաղաղության նախաձեռնություն հանուն Լեռնային Ղարաբաղի» հանձնախմբի համանախագահներ, պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը։ Խստորեն դատապարտելով միջազգային հանրության անգործությունն արցախահայության էթնիկ զտման ժամանակ՝ պատգամավոր Ֆոնտոբելն ընդգծել է. «Շվեյցարիան ունի համապատասխան փորձագիտական ներուժ, ավանդույթներ և վստահություն՝ նման խաղաղ գործընթաց հնարավոր դարձնելու համար, և դա ստանձնելը մեր պարտքն է»։
Հայկական կողմից ելույթներ են ունեցել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ինչպես նաև Հանձնախմբի անդամներ Արմինե Ալեքսանյանը, Գառնիկ Քերքոնյանը և Մարիո Նալբանդյանը։ Պատվիրակության անդամները ներկաներին են փոխանցել արցախահայության ներկայիս կացությունը՝ շեշտելով հայրենիք հավաքական և արժանապատիվ վերադարձի կենսական կարևորությունը։
Ամփոփելով այցը՝ հայկական պատվիրակությունը վերահաստատել է միասնական դիրքորոշումը. Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց բնօրրան, իսկ հակամարտությունը չի ստացել արդարացի՝ միջազգային իրավունքի վրա հիմնված լուծում։
Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությունը Շվեյցարիայի խորհրդարանի կողմից պաշտոնապես ընդունվել է 2026 թվականի սկզբին: Այն հանձնարարում է Շվեյցարիայի Դաշնային խորհրդին մեկ տարվա ընթացքում գումարել խաղաղության միջազգային համաժողով, որն ուղղված է նպաստելու պատմականորեն բնակվող հայ բնակչության Լեռնային Ղարաբաղ անվտանգ եւ կամավոր վերադարձի վերաբերյալ բանակցություններին ՝ միջազգային վերահսկողության ներքո կամ գլոբալ նշանակություն ունեցող սուբյեկտների մասնակցությամբ։
Այդ մանդատի իրականացմանն աջակցելու համար 2025 թվականի մայիսի 26-ին Բեռնում ձևավորվել է միջկուսակցական խորհրդարանական կոմիտե ՝ բաղկացած 19 շվեյցարացի խորհրդարանականներից ։ Այս կոմիտեն իրավասու է առաջ մղել անհրաժեշտ միջազգային մեխանիզմները ՝ Շվեյցարիայի խորհրդարանի իրավաբանորեն պարտադիր լուծման խնդիրները կատարելու համար: Մեծ Բրիտանիայի հայտարարությունը լրացնում է միջազգային ձայների աճող հնչեղությունը, որը կոչ է անում տևական և ներառական լուծումներ տալ Լեռնային Ղարաբաղի երկարատև ճգնաժամին: