


Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչը «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցով դիմել է մանր ժուլիկության՝ փաստաթղթի հումանիտար վերնագրի տակ քաղաքական տեքստ թաքցնելով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
ՙՀամոզված եմ, որ ադրբեջանցիներին ջուրը չէ, որ հետաքրքրում է: Նա փորձել է հումանիտար վերնագրի տակ քաղաքական տեքստ թաքցնել, ինչը մանր ժուլիկություն է: Սակայն, կարծում եմ, որ դա խոչընդոտ չի հանդիսանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործողությունների համար՚,- հայտարարել է պատգամավորը:
Նշենք, որ հունվարի 26-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հավանություն է տվել Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցին` ուղղումներով: Ներկայացնելով զեկույցը` Մարկովիչը հայտարարել է, որ Սարսանգի ջրամբարի տարածքը վերահսկում է Հայաստանը, մինչդեռ «դա Ադրբեջանի տարածք է»: Նա հայկական կողմին մեղադրել է ադրբեջանական բնակավայրեր Սարսանգի ջրի մուտքին խոչընդոտելու համար, ինչի պատճառով տուժում է գյուղատնտեսությունը, բուսական և կենդանական աշխարհը:


