


Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը: Այս մասին նա լրագրողներին հայտնել Է մայիսի 3-ի երեկոյան Երեւանում։
Լրագրողի հարցին, թե Ֆրանսիայի հայ համայնքը պահանջում է, որ ինքը և միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկեն Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումն ապահովելու համար, Մակրոնը նշել է, որ այդ հարցը կքննարկի Հայաստանի վարչապետի հետ:
"Եվ այս այցից անմիջապես հետո ես ևս մեկ քննարկում կունենամ նախագահ Ալիևի հետ։ Դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք մեր դերը խաղալ, հանդես գալ որպես միջնորդ և օգնել։ Ես հավատում եմ միջազգային իրավունքի պահպանմանը և շատ ուրախ եմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի է ունեցել լարվածության նվազում, և եկել է նոր փուլ ։ Եվ ես շատ կարևոր եմ համարում ուղեկցել խաղաղության և կայունության այս նոր փուլը ։ Այսպիսով, մեր դերը կայանում է նրանում, որպեսզի հնարավոր ամեն ինչ անենք իրավիճակը բարելավելու համար", - ասել Մակրոնը։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։



