


Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունն իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ շարունակում է նախընտրական քարոզարշավը: Այսօր՝ մայիսի 2-ին, կուսակցության ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ակունք և Գեղամասար գյուղեր:
Հանդիպելով տեղի բնակիչների հետ՝ Ծառուկյանը նշել է, որ սահմանամերձ համայնքները տարիներ շարունակ գտնվում են իր մշտական ուշադրության կենտրոնում, քանի որ հենց աշխատավոր մարդն է կառուցում երկիրը, բարիքներ ստեղծում և պաշտպանում սահմանը: "Ուստի, ես միշտ շեշտում եմ ՝ հայրենիքը պետք է սիրել ոչ թե խոսքով, այլ գործով ՝ գիտակցելով նրա իրական արժեքը։ Մեր առաջնահերթությունը մարդկանց մասին մտածելն ու պայմաններ ստեղծելն է, որպեսզի նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել", - հայտարարել է "Բարգավաճ Հայաստան"կուսակցության առաջնորդը։
Նա խիստ քննադատության է ենթարկել ներկայիս իշխանությունների քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ այսօր բանտերում այլևս ազատ տեղ չկա, իսկ քննիչները, որոնք պարտավոր են գործեր վարել, վերապրոֆիլավորվել են փաստաբանների: Ավելին, դատավորները երկու և ավելի տարի նույն գործն են վարում։ Իրավիճակը թեթևացնելու, համաներում հայտարարելու փոխարեն իշխանությունները միայն խորացնում են այն՝ նստեցնելով իրենց համար ամեն մի անցանկալի քայլի դեպքում։ "Ամոթ է, քո պատճառով տուժում է ողջ երկիրը, միթե՞ բոլորը պետք է տառապեն, որ դու կարողանաս նստել փափուկ աթոռին",- նշել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք:



