
Արմինֆո. Առնվազն ծիծաղելի է, երբ պետական պաշտոնյան հայտարարում է, թե «ընդդիմադիր ուժերն» են հայկական արտադրողների համար Վայլդբերիզի և Օզոնի շրջանակում սահմանափակումներ մտցնելու իրողության թիկունքում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
«Այսինքն, ընդդիմադիր ուժերն են արել այնպես, որ կիրառվեն այդպիսի սահմաափակումներ։ Սա իհարկե ծիծաղելի է՝ մի կողմից, բայց, մյուս կողմից, պարզապես, տխուր և մտահոգիչ է, մի քանի պատճառով: Նախ, հերթական անգամ դրսևորում է, թե սեփական լսարանի ողջախոհության ու մտածելու կարողության հանդեպ ինչպիսի արհամարական եւ քամահրական վերաբերմունք ունի կառավարող ուժը: Դրանից բացի, սա դրսեւորում է, թե իրականում ինչպիսին է այդ կառավարող ուժի աշխատանքի էֆեկտիվությունը: Որովհետեւ, եթե ընդդիմությունը կարողանում է երկրի գործարարների համար խնդիրներ ստեղծել այլ երկրի խոշոր ընկերությունների համակարգում, ապա դա նշանակում է, որ տվյալ պետությունը չունի աշխատող կառավարություն: Հակառակ պարագայում, եթե կառավարությունները աշխատում են արդյունավետ և պատասխանատու, աշխատում, են էֆեկտիվ և կոմպետենտ, որեւէ ընդդիմություն չի կարող որեւէ այլ երկրում խնդիր առաջացնել հայկական տնտեսությա համար: Եվ դա այդպես է, գործնականում, բոլոր երկրների պարագայում», - նշել է Հակոբ Բադալյանը:
Նա հավելել է, որ, օրինակ, Գերմանիայի ընդդիմությունը չի կարող Ինդոնեզիայում կամ ԱՄՆ-ում խնդիր ստեղծել գերմանական տնտեսվարողի համար, եթե երկիրն ունի աշխատող կառավարություն: Այլ հարց է, որ հենց աշխատող կառավարությունն է իր վատ աշխատանքի և ոչ կոմպետենտության հետեւանքով ստեղծում, առաջացնում այդ խնդիրները իր տնտեսվարողի համար:
«Եվ մյուսը. այդ «պատճառաբանության» նպատակը նաև մանիպուլյատիվ քարոզչական էֆեկտն է, որպեսզի զանազան տնտեսվարողները, արտադրողները այսպես ասած՝ անբարյացկամ տրամադրվեն ընդդիմադիր ուժերի նկատմամբ: Սա էլ, փաստորեն, նշանակում է, որ կառավարող ուժը ոտնահարում է նաև տնտեսվարողների, արտադրողների ողջախոհության կանխավարկածը», - գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել էր, որ Wildberries-ի հետ կապված վերջին միջադեպի հետևում կանգնած են հայաստանյան երկու ընդդիմադիր ուժեր:
Նշենք, որ հայկական ԶԼՄ-ներում և սոցցանցերում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ հայկական արտադրողների արտադրանքի վաճառքը Wildberries-ում և Ozon-ում դադարեցվել է: Wildberries-Հայաստանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ իրավիճակն առնչվում է ՌԴ տարածքում մաքսային ձևակերպումների շրջանակներում ապրանքների առանձին խմբերի նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառմանը: Ընկերությունում նշել են, որ մշտական երկխոսության մեջ են գործընկերների և համապատասխան կառույցների հետ և ուշադրությամբ հետևում են իրավիճակի զարգացմանը: Այս աշխատանքի շրջանակներում կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին մասնակցել են ավելի քան 50 գործարարներ: Wildberries-ի ներկայացուցիչները գործընկերների հետ քննարկել են ծագող հարցերը, լսել առաջարկները և շարունակում համատեղ մշակել հնարավոր լուծումներ: