


Հունվարի 26-ին Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում սկսվել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» և Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» հակահայկական զեկույցների քննարկումը:
Նշենք, որ հունվարի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ այն մասին, որ Մինսկի խումբը միակ ձևաչափն է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար: «Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, բայց հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը»,- նշվում է համանախագահների հայտարարության մեջ:
Այս հայտարարությունը դժգոհություն էր հարուցել Բաքվում: Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, մասնավորապես, հայտարարել էր, թե ԵԱՀԿ ՄԽ իրավունք չունի մենաշնորհել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Նա կառույցին վերստին մեղադրել էր անգործության համար և հայտարարել, թ Բաքուն այսուհետև էլ ղարաբաղյան հակամարտության «արդար» լուծում կփնտրի տարբեր միջազգային կառույցներում:
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն, իր հերթին, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը կարելիէ համարել ևս մեկ հասցեական ուղերձ Ադրբեջանին: «Համանախագահները վերստին ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այլ ձևաչափեր տեղափոխելու Ադրբեջանի փորձերը վնասում է հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին », - ասել էր Բալայանը:



