
Արմինֆո. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել 2027 ֆինանսական տարվա ազգային անվտանգության հատկացումների մասին օրինագծին, դրանում ներառելով դրույթներ, որոնք նախատեսում են ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը անվտանգության ոլորտում եւ Պետդեպարտամենտից հաշվետվություն են պահանջում Թրամփի առաջարկած "Հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղու" (TRIPP) վերաբերյալ: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հաղորդագրությունում:
"Կոմիտեի որոշումը նշանակալի առաջընթաց քայլ է, որը պայմանավորված է երկրով մեկ ամերիկահայերի ակտիվ գործունեությամբ եւ աջակցվում է Կոնգրեսի հայկական խմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնի եւ Ներկայացուցիչների պալատի նրա գրեթե հիսուն գործընկերների կողմից։ Բայց մեր աշխատանքը դեռ հեռու է ավարտվելուց։ Քանի դեռ Ադրբեջանը պահում է հայ պատանդներին, օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքը, արգելափակում է Արցախում էթնիկ զտման ենթարկված հայերի վերադարձի իրավունքը և սպառնում հետագա ագրեսիայով, ոչ մի արդարացում չկա Ալիևի ռեժիմին ամերիկացի հարկատուների վաստակած գեթ մեկ դոլարի ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Կոնգրեսը պետք է ավարտին հասցնի այս կոմիտեի նախաձեռնածը՝ դադարեցնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, իրական մարդասիրական օգնություն ցուցաբերի Արցախից բռնի տեղահանված հայերին և ապահովի խիստ վերահսկողություն Հայաստանի ինքնիշխան տարածքը շոշափող ցանկացած միջանցքի նկատմամբ", - հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը։
Կոմիտեի որոշումը պատասխան է Կոնգրեսի արտաքին օգնության հարցերով կոմիտեի նամակին, որին աջակցել է ANCA-ն, եւ որն ստորագրել են ԱՄՆ-ի ավելի քան 45 ներկայացուցիչներ ՝ Ֆրենկ Փալոնի գլխավորությամբ: Այդ նամակում ենթահանձնաժողովին առաջարկվում էր 20 մլն դոլար ներառել Հայաստանին օգնության հիմնադրամում և 10 մլն դոլար ՝ Հայաստանի համար IMET ծրագրում, 100 մլն դոլար ՝ Արցախից բռնի տեղահանված հայերին մարդասիրական օգնության համար, Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության լիակատար արգելք, Մագնիտսկու օրենքի շրջանակներում պատժամիջոցների խախտման համար պատասխանատվության ենթարկելու միջոցներ և TRIPP շրջանակային ծրագրի նկատմամբ խորհրդարանական զգալի վերահսկողություն։