
Արմինֆո. Արցախում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմի ֆոնին Հայաստանի իշխանությունների լռությունը հանգեցնում է նաև միջազգային հանրության անգործությանը։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքական գործիչը անհիմն է անվանել ՀՀ իշխանությունների այն պնդումները, թե հայկական ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների ավերմանը արձագանքելը կհանգեցնի նոր պատերազմի։ Նրա խոսքով՝ միակողմանի խաղաղություն լինել չի կարող, և կատարվողը միայն վկայում է այն մասին, որ որևէ խաղաղություն չկա։ Այն դիտարկմանը, թե Հայաստանի իշխանություններն իրենց վարքագիծը փաստարկում են պատերազմում կրած պարտությամբ, որից հետո պետք է զիջել այնքան, որքան կպահանջեն, քանի որ պատասխանելու ռեսուրս չկա, Քոչարյանը փաստել է, որ չպետք է շփոթել երկու տարբեր հանգամանքներ։ Առաջինը՝ հայ ժողովրդի արժանապատվության ռեսուրսի առկայությունը, և երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա վարչախմբի առկայությունը։
«Ես առաջարկում եմ տարանջատել այդ երկու հասկացությունները։ Հայաստանն ու հայ ժողովուրդն օժտված են արժանապատվության անհրաժեշտ ռեսուրսով, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը փորձում են համոզել հայ ժողովրդին, որ նա չունի այդ ռեսուրսը։ Ես այլ բացատրություն չունեմ։ Փաշինյանին ձեռնտու է բոլորին պահել վախի մթնոլորտում, և նա ամեն ինչ կանի, որպեսզի միջին վիճակագրական հայը ունենա այդ վախի զգացումը, քանի որ վերընտրվելու այլ շանս նա չունի»,- համոզված է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմության խնդիրն այսօր այդ իրականությունը հայ ժողովրդին հասցնելն է, որ Փաշինյանի և նրա թիմի շահերը որևէ ընդհանուր բան չունեն Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հետ։ Քոչարյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Փաշինյանն ամեն ինչ կանի վախի այդ մթնոլորտը պահպանելու և հայ ժողովրդին նվաստացած վիճակում պահելու համար։
«Բայց երբ դու չես արձագանքում քո մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող վանդալիզմին, դա նշանակում է մեկ բան՝ դու ծառայում ես այլ երկրի շահերին։ Եվ այդ երկրի շահերը ինչ-որ չափով համընկնում են քո նեղ անձնական շահերի հետ»,- հավելել է Քոչարյանը։
Հայաստանի երկրորդ նախագահն արձագանքել է նաև ՀՀ վարչապետի այն ակնարկներին, թե եթե խորանանք ուրիշի մշակութային ժառանգության ոչնչացման հարցում, ապա փաստ չէ, որ հայ ժողովուրդը շահեկան վիճակում կհայտնվի։ Քոչարյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարության ղեկավարը փորձում է հայ ժողովրդին վերագրել այնպիսի արարքներ, որոնք նա երբեք չի կատարել։
Նա հիշեցրեց, որ նախորդ դարի 90-ականների սկզբին Շուշիի ազատագրումից հետո, առաջին ամիսների ընթացքում քաղաքի մզկիթում զինվորական պոստ էր սահմանվել՝ զգուշացման նպատակով, եթե հանկարծ ինչ-որ մեկը, ով պատերազմում հարազատ մարդ էր կորցրել, զայրույթի պահին որոշեր վնասել կառույցը։ Սակայն, քաղաքական գործչի խոսքով, դրա կարիքը, ինչպես պարզվեց, չկար, քանի որ հայ հասարակության ոչ մի ներկայացուցչի մոտ նման մտքեր չեն էլ եղել։ Քոչարյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղում ոչ մի մշակութային օբյեկտ չի ավերվել։
«Ամենասարսափելին այն հայտարարությունն է, թե «դա իրենց տարածքն է, ինչ ուզում են՝ անում են»։ Բայց դու գնում ես ԵՄ, և եթե դու հիմար ու տգետ չես, ապա պետք է հասկանաս, որ ըստ բոլոր միջազգային նորմերի՝ կատարվողը վանդալիզմ է, և դա որևէ կապ չունի տարածքի կամ ժողովրդի հետ։ Դա համամարդկային արժեք է։ Եվ հայկական կողմի արձագանքն այդ վանդալիզմին համահունչ կլիներ այն պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնել է միջազգային նորմերի շրջանակներում»,- նշեց քաղաքական գործիչը։
Միևնույն ժամանակ, Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանի վարքագիծն այս տարիների ընթացքում փոխվել է, և նա նպատակ ունի հնարավորինս երկար պահել հայ ժողովրդին նվաստացած վիճակում։ Մինչդեռ, նրա խոսքով, Հայաստանի իշխանությունների խնդիրն է սեփական ժողովրդին դուրս բերել այդ դեպրեսիայից, այլոչ թե գնալ ուրիշի թելադրանքով։