


Արմինֆո. Եվրախորհրդարանը "կողմ" ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայաստանի ժողովրդավարական կայունությանն աջակցելու մասին բանաձև։ Բանաձևի օգտին քվեարկել է 476 պատգամավոր, դեմ՝ 47, ձեռնպահ ՝ 48: Բանաձևն ընդունվել է ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում, հաղորդում են ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հրապարակված բանաձեւի նախագծում աջակցություն էր հայտնվում 2026 թվականի հունիսին Հայաստանում ազատ, արդար եւ խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ընդգծելով, որ ընտրությունների արդյունքները պետք է որոշի միայն Հայաստանի ժողովուրդը: Միաժամանակ, նշվում էր ապատեղեկատվության, ապօրինի ֆինանսավորման և ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտությունը։
Բանաձևը ողջունում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը և Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և բարեփոխումներին: Հատուկ ընդգծվում է 2026 թվականի մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթաժողովների անցկացումը ՝ որպես Հայաստանի հետ համերաշխության կարևոր քաղաքական ազդակ։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ բանաձևն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և կոչ է անում հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի՝ հիմնված ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության վրա:
Բանաձևը դատապարտում է հայ գերիներին Ադրբեջանում պահելը և պահանջում է անհապաղ ազատ արձակել նրանց: Բանաձևը ողջունում է ԵՄ դիտորդական առաքելության և քաղաքացիական հասարակության համագործակցության ընդլայնումը և կոչ է անում ավելացնել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը, հատկապես՝ էներգետիկ, թվային և տնտեսական կայունության ոլորտներում:
Բանաձևն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ սահմանների բացման և տարածաշրջանային կայունության նպատակով: Բանաձևը խստորեն դատապարտում է արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտության փորձերը ՝ այսդառումով ընդգծելով "հատկապես Ռուսաստանի և նրա ազդեցության ցանցերի գործունեությունը, ներառյալ կիբեռհարձակումները և ապատեղեկատվությունը":



