


Արմինֆո. Ջրի հետ կապված մեր ընթացակարգերում և մոտեցումներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք: Այդ մասին ապրիլի 30-ին ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Բյուրեղավանում ջրից թունավորմանն առնչվող իրավիճակը։
Նա նշել է, որ Հայաստանում ջրային ոլորտի ոչ բոլոր խնդիրների համար է պատասխանատվություն կրում գլխավոր օպերատորը՝ "Վեոլիա Ջուր" ընկերությունը: Շատ դեպքերում, նրա ասելով, պատճառը մեր մոտեցումների անհամապատասխանությունն է այն համաձայնագրերի հետ, որոնք ստորագրվել են։ Խոսելով Բյուրեղավանում տեղի ունեցած կոնկրետ դեպքի մասին՝ Փաշինյանը նշել է, որ օրենքի շրջանակներում, սահմանված կարգի համաձայն, այդ դեպքը կքննվի, և մեղավորները պատասխանատվություն կկրեն:
Ընդ որում, նա հույս է հայտնել, որ «Վեոլիա ջրի» հետ համագործակցության որակը կփոխվի, ինչի համար որոշակի քայլերի անհրաժեշտություն կա: Փաշինյանը նկատել է, որ Հայաստանը ճիշտ չի օգտագործում ջրի կառավարման ոլորտում այնպիսի հսկայի հետ համագործակցության հնարավորությունը, ինչպիսին «Վեոլիա ջուրն» է: «Կարծում եմ ՝ չարժե «Վեոլիա Ջուրը» դիվայնացնել։ Մենք այդ ընկերությանը բերել ենք մաշված և, գործնականում, քայքայված համակարգ: Մենք պետք է հասկանանք, թե արդյոք մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել դրանում, և ինչպես են այդ ներդրումները վերադառնալու։ Ներդրումները պետք է արդյունք տան», - ասել է վարչապետը։
Նշենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Բյուրեղավանում արձանագրվել են ջրից թունավորման դեպքեր: Քաղաքում արդեն մի քանի օր զանգվածային շտապ օգնության կանչեր են տեղի ունենում սրտխառնոցի, փսխման և ջերմության բարձրացման բողոքների պատճառով:
Հիշեցնենք ,որ "Վեոլիա Ջուր" ընկերությունը՝ Երևանում և Հայաստանի մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման միասնական օպերատորը, ֆրանսիական Veolia Generale des Eaux-ի դուստր ձեռնարկությունն է: Ընկերությունը համակարգը կառավարում է 2017 թվականից՝ 15-ամյա կոնցեսիոն պայմանագրի հիման վրա։



