
Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Էնդրյու Ջոնսոնը ողջույնի խոսքով է հանդես եկել Հայաստանում Ամերիկայի առևտրային պալատի (AmCham) տարեկան ժողովում՝ ընդգծելով հայ-ամերիկյան ամուր գործընկերությունը և AmCham-ի կարևոր դերակատարումը բիզնես կապերի ու ներդրման հնարավորությունների առաջ մղման հարցում։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն, նա ընդգծել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված շրջադարձային համաձայնությունները և դրանք առաջ մղելու ԱՄՆ հանձնառությունը՝ ընդլայնելու տնտեսական կապերն ու աջակցելու Հայաստանի աճին որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն։
«AmCham-ի առանցքային դերակատարումը հայաստանյան պաշտոնյաների, ԱՄՆ կառավարության ու մասնավոր ընկերությունների միջև կապերն ապահովելու առումով տալիս է իր արգասիքները, և դա է փաստում հայ-ամերիկյան առևտրաշրջանառության գրեթե կրկնակի աճը, որը 2020թ․ 96 միլիոն ԱՄՆ դոլարի համեմատ 2025թ․ կազմել է 198 միլիոն ԱՄՆ դոլար, ինչպես նաև երկկողմ ներդրումային հոսքերի աճը, որը 2026թ․ դրությամբ հասել է մինչև 1 միլիարդ ԱՄՆ դոլարի», - նշվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։
Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում սստոորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով: