
Արմինֆո. Ադրբեջանում բանտարկված յոթ հայ պատանդների ընտանիքներին ներկայացնող միջազգային փաստաբանները պաշտոնական դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը: Այդ մասին հաղորդում է "Արցախ միություն "կազմակերպությունը ։
Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից լիազորված անկախ իրավական փորձագետների մարմին է, որը հետաքննում է ազատությունից կամայական զրկելու դեպքերն ամբողջ աշխարհում:
Դիմումը ներկայացվել է Դավիթ Բաբայանի, Մադաթ Բաբայանի, Լևոն Բալայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Դավիթ Իշխանյանի և Լևոն Մնացականյանի ըտանիքների կողմից՝ 2026 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը եւ պահանջում է չեղյալ հայտարարել այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռները՝ պնդելով, որ դրանք միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների հետևանք են և ունեն կամայական բնույթ:
Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է, որ պատանդները՝ Դավիթ Բաբայանը, Մադաթ Բաբայանը, Լևոն Բալայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Իշխանյանը և Լևոն Մնացականյանը Հայաստանի քաղաքացիներ են, որոնք գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից անմիջապես հետո: Նրանց թվում են Արցախի նախկին քաղաքական առաջնորդներ, զինծառայողներ և մեկ քաղաքացիական անձ:
«Նրանցից երեքը՝ Դավիթ Իշխանյանը (Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ), Դավիթ Բաբայանը (արտաքին գործերի նախկին նախարար) և Լևոն Մնացականյանը (Պաշտպանության նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար), 2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի զինվորական դատարանի կողմից դատապարտվել են ցմահ ազատազրկման: Մնացած չորսը ստացել են 15-ից 19 տարվա ազատազրկում: Այսօրվա դրությամբ այս անձինք Բաքվի բանտում են գտնվում արդեն 934-ից 948 օր:
Թեև դիմումի այս փուլի համար ընտրվել են 19 պատանդներից յոթը, սակայն բոլոր հայ գերիները համապատասխանում են կամայական ազատազրկման չափանիշներին և Աշխատանքային խմբի եզրակացությունը վերաբերելի կլինի բոլոր պատանդների համար», - ասվում է հայտարարությունում:
Դիմումատուները պնդում են, որ բոլոր յոթ անձանց ազատությունից զրկելը կամայական է՝ հիմնվելով հետևյալ չափանիշների վրա. իրավական վավեր հիմքի բացակայություն, քանի որ պատանդները գերեվարվել են զինված հակամարտության ժամանակ, որը համապատասխանում է Ժնևի կոնվենցիաներով սահմանված միջազգային զինված հակամարտության սահմանմանը: «Որպես կոմբատանտներ (մարտիկներ)՝ նրանք պետք է ճանաչվեին ռազմագերիներ և օգտվեին Ժնևի երրորդ կոնվենցիայով նախատեսված պաշտպանությունից ու հայրենադարձման իրավունքից: Փոխարենը Ադրբեջանը նրանց նկատմամբ շինծու քրեական հետապնդում է իրականացրել սովորական հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչության, զենքի ապօրինի պահման և ցեղասպանության մեղադրանքներով: Այս մեղադրանքները չեն կարող օրինականորեն ներկայացվել այն մարտիկներին, որոնք գործել են պատերազմի օրենքների շրջանակում», - ասվում է դիմումի տեքստում:
Դիմումում նաեւ նշվում է այնպիսի տարրերի առկայությունը, ինչպես՝ քաղաքական համոզմունքների քրեականացում. նրանց ազատությունից զրկելը նպատակ ունի լռեցնել քաղաքական այլախոհությունը, ինչը միջազգային իրավունքով երաշխավորված արտահայտվելու, կարծիքի և միավորումների ազատության իրավունքների ուղղակի խախտում է:
«Այս յոթ անձինք այն 19 հայ գերիների թվում են, որոնք ներկայումս պահվում են Ադրբեջանում 2020 և 2023 թվականների հակամարտություններից հետո: Նրանց ծանր վիճակի մասին բազմիցս բարձրաձայնվել է ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Amnesty International-ի և այլ խոշոր միջազգային կառույցների կողմից, որոնք բոլորը կոչ են արել ազատ արձակել նրանց և խորը մտահոգություն են հայտնել պահման պայմանների վերաբերյալ», - հայտարարել են կազմակերպությունում։
Դիմումը պահանջում է ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբից. տալ պաշտոնական եզրակացություն, որով պատանդներին ազատությունից զրկելը կճանաչվի կամայական; կոչ անել նրանց անհապաղ ազատ արձակել և պահանջել փոխհատուցում ազատությունից տևական ու անօրինական զրկելու պատճառած վնասի համար; պահանջել հնարավորություն Աշխատանքային խմբի ներկայացուցիչների համար՝ այցելելու Բաքվի բանտում գտնվող հայ պատանդներին մինչև նրանց ազատ արձակումը:
Դիմումը, գերիների ընտանիքների լիազորմամբ, համատեղ ներկայացվել է հետևյալ անձանց կողմից. փաստաբան Սիրանուշ Սահակյան, Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյան, իսպանացի փաստաբան Այտոր Մարտինես Խիմենես, ֆրանսիացի փաստաբան Մեգան Շուրո-Լիոն, արգենտինացի փաստաբան Իրեն Մասիմինո։