


Արմինֆո. Ներկա իշխանությունների օրոք հայրենասեր մարդիկ դառնում են թիրախ։ Այդ մասին ասել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ "5 հարց" հարցազրույցների շարքի թողարկման ընթացքում մեկնաբանելով արցախցի լեգենդար հետախույզ, "Մարտական խաչ" երկրորդ աստիճանի շքանշանակիր, "Ուժեղ Հայաստանի" անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի կալանավորումը:
"Մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ այս իշխանությունները դրսի պատվերներ են կատարում, իսկ ավելի կոնկրետ՝ Ալիևի (Ադրբեջանի նախագահի) պահանջները", - ընդգծել է նա:
Կարապետյանը նշել է, որ ներկայիս իշխանությունն ադրբեջանական կողմի հրահանգով այժմ կատարում է այն ամենը, ինչը 30 տարվա ընթացքում չկարողացան անել Ալիևն ու Ադրբեջանը: "Բայց մեր հաղթանակից հետո հերոսները կրկին հերոսանալու են", - խոստացել է "Ուժեղ Հայաստանի" ղեկավարը:
Հարցին, թե ինչու է Հայաստանն աղքատ երկիր, Կարապետյանը պատասծանել է, որ՝ կառավարության գիտակցության աղքատության պատճառով: "Քանի որ նրանք կարող են կառավարել միայն աղքատ մարդկանց", - նշել է կուսակցության առաջնորդը: Այդ առնչությամբ նա հիշատակել է իշխանությունների վերջին որոշումը՝ կենսաթոշակները 10 հազար դրամով բարձրացնելու մասին, ինչը թույլ է տալիս նրանց թելադրել իրենց նարատիվները։
Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Արամ Վարդևանյանը հաղորդել էր, որ Արթուր Ավանեսյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով:
Ապրիլի 27-ին Հակակոռուպցիոն կոմիտեում հայտարարել են, որ Ավանեսյանն ու ևս մի քանի անձ ձերբակալվել են ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում։
Հրապարակված հաղորդագրության համաձայն, գործը հաարուցվել է Ավանեսյանին գաղտնալսման հիման վրա։ Սա առաջին դեպքը չէ, երբ ընդդիմադիր գործիչները ձերբակալվում են գաղտնալսումների ձայնագրությունների հիման վրա։ Եվ առայժմ տեղեկություն չկա, թե արդյոք դրանք իրականացվել են օրենքի շրջանակներում դատական թույլտվություն ստանալուց հետո, թե այդ ամենն իրականացվում է օրենսդրության խախտմամբ։



