
Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին պատմական առաջընթաց է համարել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը ։
Դիվանագիտական ներկայացուցչությունում արձանագրել են, այսօր Կարսում տեղի է ունեցել հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ «Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը», - հայտարարել են դիվանագիտական ներկայացուցչությունում։
Հայաստանի ԱԳՆ հաղորդել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Կողմերը կարգավորման գործընթացում Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ են նշանակել Սերդար Քըլըչին եւ Ռուբեն Ռուբինյանին, որոնք արդեն բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել, սակայն որեւէ բեկումնային որոշուման հասնել առայժմ չի հաջողվել, բացի ավիաբեռնափոխադրումներից եւ ուղեւորափոխադրումներից: