
Արմինֆո.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները խրախուսում են օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքում արցախյան մշակութային և հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը:
Այդ մասին հայտարարել է "Արցախ" միություն հասարակական կազմակերպության ղեկավար, ԼՂՀ նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հնչած Թորոսյանի այն խոսքերի, թե "Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի, պատմության եւ կրոնի հուշարձանների ոչնչացման թեման չպետք է ներառվի Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների օրակարգում":
«Հայտնի արցախատյաց Արսեն Թորոսյանը լավ կանի լռի Արցախի հետ կապված թեմաներով և իր պարտականությունները արդյունավետ ու բարեխիղճ կերպով կատարի այն նախարարությունում, որտեղ հսկայական անելիքներ կան թե՛ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի կարիքների բավարարման և թե՛ ընդհանրապես ՀՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Ձեր հանցավոր հայտարարությունները պարզապես նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը՝ ոչնչացնելու այն հայկական ու համամարդկային արժեքները, որոնք ձեզ համար ընդհանրապես արժեք չեն», - գրել է Բեգլարյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հողին է հավասարեցրել Սուրբ Աստվածածին եկեղեցին: Օրեր առաջ հայտնի էր դարձել նաև թշնամու կողմից Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման մասին։ Արցախում մշակութային ցեղասպանությունը տեղի է ունենում, այսպես կոչված, քաղաքակիրթ միջազգային հանրության լուռ խրախուսման ֆոնին։ Օր օրի ադրբեջանական օկուպանտները ոչնչացնում են այն օբյեկտները, որոնք վկայում են այդ հողում հայերի հազարամյա ներկայության մասին։
Նշենք, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանն ամբողջությամբ ավերել կամ զգալի վնաս է հասցրել հետևյալ մշակութային - կրոնական օբյեկտներին․ ամբողջությամբ ավերվել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին (Սուրբ Հովհաննես Մկրտիչ)՝ 2024 թվականի ապրիլին, Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցն ամբողջությամբ ավերվել է, Քարինտակ գյուղն ամբողջությամբ քանդվել է բուլդոզերներով, ապամոնտաժվել են Ստեփանակերտի հուշարձաններն ու կիսանդրիները, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի, Հովհաննես Այվազովսկու, Հովհաննես Թումանյանի և մարշալ Բաղրամյանի հուշարձանները։ Մեծ Թաղեր գյուղում ավերվել է Մարշալ Խուդյակովի թանգարանը։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնում շուրջ 4000 հայկական մշակութային օբյեկտներ, այդ թվում ՝ ավելի քան 370 եկեղեցի և 119 հնագույն ամրոց