


Արմինֆո.Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հյուրի կարգավիճակով կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այդ մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրությունում։
"Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ նիստին հրավիրված են 48 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հյուրի կարգավիճակով կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Սա կլինի նիստին Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի մասնակցության առաջին դեպքը", - ասվում է հանձնաժողովի հաղորդագրությունում:
Նշվում է, որ ԵՔՀ գագաթնաժողովին հրավիրված են ԵՄ անդամ 27 պետություններ, ինչպես նաև Ալբանիան, Անդորրան, Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Կանադան, Վրաստանը, Իսլանդիան, Կոսովոն, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Սան Մարինոն, Սերբիան, Շվեյցարիան, Թուրքիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը:
Նշվում է նաև, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ հանդիպումը "Կառուցում ենք ապագա. միասնություն և կայունություն Եվրոպայում" կարգախոսով Երևանում կհավաքի առաջնորդներ ողջ մայրցամաքից:
"Խորը աշխարհաքաղաքական վերափոխումների շրջանում առաջնորդները կքննարկեն, թե ինչպես ավելի սերտորեն համագործակցել և համակարգել գործողությունները ժողովրդավարության կայունության ամրապնդման, փոխկապակցվածության զարգացման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության բարձրացման համար", - պատմել են Եվրահանձնաժողովում, հավելելով, որ որպես գագաթնաժողովի համանախագահներ հանդես կգան Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հաղորդել էին, որ Երևանում ԵՔՀ գագաթնաժողովին Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցության հաստատում չեն ստացել:



