
Արմինֆո.Հատիս լեռան վրա Քրիստոսի արձանի տեղադրման նախագծի իրագործումը կնպաստի նոր աշխատատեղերի սստեղծմանը և նոր լիցք կհաղորդի Հայաստանի զարգացմանը։
Այդ մասին հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ հունիսյ ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզի Նոր գյուղ, Կոտայք, Կապուտան գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը: ԲՀԿ առաջնորդը համայնքների բնակիչներին պատմել է, որ բազմաթիվ զանգեր է ստանում աշխարհի տարբեր անկյուններից ՝ հարցով, թե երբ է արձանը բացվելու: Նա վստահ է, որ դրա բացումը կլուծի աշխատատեղերի բացակայության խնդիրը, ընդ որում, ոչ միայն երկրի այդ կոնկրետ մարզում։ "Կվերադառնան, նույնիսկ, նրանք, ովքեր Հայաստանից մեկնել են վաստակ որոնելու։ Ընդ որում, այս նախագիծը օգուտ կբերի ոչ միայն Հայաստանի կոնկրետ մարզին, այլ՝ ողջ երկրին։ Մենք ունենք ընդունակ և տաղանդավոր երիտասարդություն, և մեր պարտքն է պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք իրենց ապագան տեսնեն այստեղ", - համոզված է Ծառուկյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության գործընթացի և Արցախում մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման վերաբերյալ քաղաքացիների մտահոգություններին՝ ԲՀԿ առաջնորդն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այսօր Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքները, Բաքվում պահվում են հայ ռազմագերիներ, չեն դադարում "300 հազար ադրբեջանցիների Հայաստան վերադարձի" մասին հայտարարությունները: "Երկրին պետք է խաղաղություն, որն ունենա երաշխավորներ, օրինակ՝ ի դեմս Չինաստանի։ Դրանք չպետք է լինեն պայմանավորվածություններ, որոնք կմնան օդում", - նշել է Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդն այդ համատեքստում անդրադարձել է նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխման հարցին, համոզմունք հայտնելով, որ երկրի համար ճիշտ լուծումը կլինի պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը, որտեղ 10 հազար պայմանագրային զինծառայողներ հիմնական ծառայությունը կիրականացնեն՝ 18-ամյա ժամկետային զինծառայողներին սահման ուղարկելու փոխարեն:
Հիշեցնենք, որ Քրիստոսի արձանը տեղադրելու մտադրության մասին Ծառուկյանը հայտարարել էր 2022 թվականի հունվարին։ Այն ժամանակ էլ հայտարարվել էր մրցույթ, որի արդյունքում ընտրվել էր ներկայիս նախագիծը, որը նախատեսվում էր իրականացնել երեք տարվա ընթացքում։ Նույն թվականի հուլիսի սկզբին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվե լ հուշարձանի տեղադրման նախագծին։ Բացի Հայ Առաքելական Եկեղեցուց՝ նախագծին դեմ են հանդես եկել նաև Շրջակա միջավայրի նախարարությունը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Այս դիրքորոշման համար հիմք է ծառայել ինչպես նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության բացակայությունը, այնպես էլ լեռան վրա բրոնզի և երկաթի դարերի հնագույն ամրոց-բնակավայրի առկայությունը ։ Ենթադրվում է, որ դա կլինի Քրիստոսին նվիրված ամենամեծ հուշարձանը, որի մոտ կկառուցվի ճանապարհ և 5 կմ երկարությամբ "ճոպանուղի", իսկ լեռան ստորոտին կհայտնվեն հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ և այլն: