
Արմինֆո. Հայաստանի իշխանություններն անվերջ հարձակում են վարում խղճի ազատության, հավատացյալների իրավունքների, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, որը ենթարկվում է բռնաճնշումների։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ հայ-ռուսական "Լազարյան ակումբի" նիստում իր բացման խոսքում։
"Ես կարծում եմ՝ ինչ էլ այսօր քննարկենք, մենք պարտավոր ենք ամփոփիչ փաստաթղթում արտահայտել մեր վերաբերմունքն այն փաստի նկատմամբ, որ աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցին այսօր ենթարկվում է քաղաքական հետապնդման, իսկ իշխանությունն ու նրա ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրությունների գնալիս, նկատի ունեմ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, իրենց ծրագրային փաստաթղթերում դրել են Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորերի նկատմամբ դատաստանի հետագա միջոցառումները", - հայտարարել է ռուս պատգամավորը: Նա արձանագրել է, որ, ըստ էության, Հայաստանի իշխանությունը պատերազմ է հայտարարել Եկեղեցուն։ Զատուլինի խոսքով՝ եւ դա տեղի է ունենում այն ամենի ֆոնին, ինչ այսօր ապրում է Հայաստանի Հանրապետությունը, որը մնում է Անդրկովկասում տուրբուլենտության գոտում ՝ բոցավառվող Մերձավոր Արեւելքի կողքին:
"Այս պահին, ինչպես գիտենք, Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում Հայաստանի և Ռուսաստանի միջև հեռավորությունը մեծացանելու նպատակով, որն առանց այդ էլ մեծ է և կրիտիկական։ Եվ փոխել հայ ժողովրդի ինքնագիտակցությունը, որպեսզի նրան վերակողմնորոշեն դեպի նոր դաշինքներ, նոր բարեկամներ։ Եվ ստիպեն դավաճանել մեր ժողովուրդների այն դարավոր բարեկամության ավանդույթներին, որը պատմության ընթացքում հանգեցրել է այն բանին, որ մենք միասին պաշտպանել ենք միմյանց: Եթե նման տրամադրություններ չլինեին Հայաստանի իշխանությունում, ապա, հավանաբար, մեկ տարի առաջ Հայաստանի կառավարությունը՝ 2025 թվականի հունվարին, իսկ հետո Հայաստանի խորհրդարանը՝ 2025 թվականի մարտի 26-ին, այպիսի ազատորեն չէին ընդունի "Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթաց սկսելու մասին" օրենքը՝ այն դեպքում, երբ չկար Եվրամիության հրավեր", - նշել է ռուս պատգամավորը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը 2025 թվականի մայիսին արշավ էր սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ ձգտելով հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանը։ Այդ արշավի շրջանակներում բոլոր այլախոհներին՝ ինչպես հոգևորականներին, այնպես էլ հասարակ քաղաքացիներին, այս կամ այն ծանր հոդվածներով կալանավորում են։ Ավելին, կաթողիկոսի հեռացումը և Հայ Առաքելական Եկեղեցու, այսպես կոչված, բարենորոգումը ներառված է Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական օրակարգում: