
Արմինֆո. «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը խոր ցավով և մտահոգությամբ է հետևում Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոչնչացման, վանդալիզմի և յուրացման փորձերին։ Այդ մասին ասվում է կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։
«Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման փաստերը, Սուրբ Աստվածամոր տաճարի քանդման մասին հաղորդումները, ինչպես նաև սրբավայրերի, գերեզմանոցների, հուշարձանների և հայկական ինքնության տեսանելի նշանների նկատմամբ արձանագրված վանդալիզմի դեպքերը վկայում են ոչ թե առանձին միջադեպերի, այլ վտանգավոր և հետևողական քաղաքականության մասին։
Այս համատեքստում հատկապես մտահոգիչ է վերջին օրերին ադրբեջանական տեղեկատվական դաշտում ակտիվացած վտանգավոր հռետորաբանությունը՝ ուղղված Արցախի խորհրդանիշներից մեկի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի ոչնչացմանը, խեղմանը կամ վերաիմաստավորմանը։ Ստեփանակերտում հայկական ժառանգության ոչնչացման վերջին փաստերն այս վտանգը դարձնում են իրական և հրատապ։
Մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումն ու այդկերպ բնիկ ժողովրդի հետքն իր հայրենիքից մաքրելը պարունակում են ցեղասպանության հանցակազմի հատկանիշներ և պետք է դիտարկվեն ոչ միայն որպես մշակութային վանդալիզմ, այլև որպես ինքնության, հիշողության և պատմական իրավունքի դեմ ուղղված հանցավոր քաղաքականություն։
Կոչ ենք անում միջազգային մշակութային, իրավապաշտպան և դիվանագիտական կառույցներին, առաջնահերթորեն UNESCO -ին և ICOMOS -ին, հրատապ և գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հայկական ժառանգության հերթական անդառնալի կորուստը։ Անհրաժեշտ է ապահովել անկախ մշտադիտարկում, փաստագրում և միջազգային հասանելիություն՝ Արցախի մշակութային ու հոգևոր ժառանգության ներկա վիճակը գնահատելու համար։
Միջազգային հանրության լռությունն ու անգործությունն արդեն իսկ հանգեցրել են ծանրագույն հետևանքների՝ Արցախի հայաթափմանը, օկուպացմանը և հայկական պատմամշակութային ներկայության շարունակական ոչնչացմանը։ Այսօր այդ նույն անգործությունը կարող է դառնալ հերթական անդառնալի կորստի պատճառ», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հողին է հավասարեցրել Սուրբ Աստվածածին եկեղեցին: Օրեր առաջ հայտնի էր դարձել նաև թշնամու կողմից Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման մասին։ Արցախում մշակութային ցեղասպանությունը տեղի է ունենում, այսպես կոչված, քաղաքակիրթ միջազգային հանրության լուռ խրախուսման ֆոնին։ Օր օրի ադրբեջանական օկուպանտները ոչնչացնում են այն օբյեկտները, որոնք վկայում են այդ հողում հայերի հազարամյա ներկայության մասին։
Նշենք, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանն ամբողջությամբ ավերել կամ զգալի վնաս է հասցրել հետևյալ մշակութային - կրոնական օբյեկտներին․ ամբողջությամբ ավերվել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին (Սուրբ Հովհաննես Մկրտիչ)՝ 2024 թվականի ապրիլին, Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցն ամբողջությամբ ավերվել է, Քարինտակ գյուղն ամբողջությամբ քանդվել է բուլդոզերներով, ապամոնտաժվել են Ստեփանակերտի հուշարձաններն ու կիսանդրիները, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի, Հովհաննես Այվազովսկու, Հովհաննես Թումանյանի և մարշալ Բաղրամյանի հուշարձանները։ Մեծ Թաղեր գյուղում ավերվել է Մարշալ Խուդյակովի թանգարանը։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնում շուրջ 4000 հայկական մշակութային օբյեկտներ, այդ թվում ՝ ավելի քան 370 եկեղեցի և 119 հնագույն ամրոց: